«Իշխանություններին որևէ մեկը չէր խանգարում՝ ընտրությունները 4 ամսով հետաձգեին և գնային այն բոլոր փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են». Արամ Սարգսյան
«Այն, ինչ ցանկանում են լուծել այսօրվա իշխանությունները՝ դա իրենց համար նախատեսված նեղ դաշտն է, այսինքն՝ նրանք այժմ լուծում են սեփական խնդիրները, սա վստահաբար եմ ասում։ Նրանք չցանկացան Վենետիկի հանձնաժողովի հետ խնդիր ունենալ, քանի որ հանձնաժողովն արդեն հայտարարել էր, որ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի օրենսգիրք փոխել։ Բացի այդ, իշխանությունները հասկացան, որ լավ հնարավորություն է ստեղծվում երկիրը միանձնյա ղեկավարելու համար, այսօրվա դրությամբ սա է նրանց ամբողջ նպատակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ըստ նրա՝ իշխանությունները պայմանավորվել են խորհրդարանական ուժերի հետ, ըստ որի՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հնարավորություն կունենան մասնակցելու ընտրություններին և ձևավորելու խորհրդարան։ Ուստի այս ընտրություներում Ա. Սարգսյանը որևէ փոփոխություն չի ակնկալում, նրա խոսքով՝ միակ փոփոխությունը լինելու է իշխող ուժի մոտ դեմքերի փոփոխությունը։
«Սա էլ հակադրություն այն հայտարություններին, որ ասում էին, թե իբրև ժողովրդավարության սկզբունքներից ելնելով՝ պետք է փոխեն Ընտրական օրենսգիրքը, հավասար պայմաններ ստեղծեն կուսակցությունների համար, ձևավորեն այնպիսի խորհրդարան, որտեղ կլինի բազմակարծություն, և այլն։ Արդյունքում՝ եղավ այն, ինչ եղավ, խիստ կասկածում եմ, որ խորհրդարանում չլինեն գործարարներ։ Այնպես որ, սա համակարգի փոփոխություն չէ, ընդհակառակը՝ նույն համակարգը՝ մի փոքր ձևափոխված, կրկին հայտնվելու է խորհրդարանում»,- ասաց Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նոր իշխանություններին որևէ մեկը չէր խանգարում, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները 4 ամսով հետաձգեին և գնային այն բոլոր փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են։
«Թե չէ մենք այժմ մուտք ենք գործում ընտրությունների մի դարաշրջան, որը մեզ համար շատ վտանգավոր է և հղի անհասկանալի հետևանքներով: Այստեղ կայունություն չի լինելու և հաստատվելու է մեկ բան, եթե այս ընտրությունները համարենք ոչ լեգիտիմ, ապա կնշանակի, որ անցումային շրջանը կրկին շարունակվելու է, և այդ շրջանում խորանալու են հակասությունները։ Այստեղ ես տեսնում եմ իշխանությունների անփորձությունը և հեռատեսության բացակայությունը, ինչը վտանգավոր երևույթ է»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։
Իսկ ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի կարծիքով՝ ներկայիս իշխանություններն Ընտրական օրենսգիրքը ժառանգություն են ստացել, որից տարբեր պատճառներով չկարողացան խուսափել։
«Բազմիցս ասել ենք, որ այն Ընտրական օրենսգիրք չէ, այլ հրովարտակ, դրանով չի կարելի գնալ ընտրությունների, այն ի սկզբանե ծնում է ոչ լեգիտիմ խորհրդարան։ Մի Ընտրական օրենսգիրք, որտեղ ժողովուրդը չի ընտրում 51 տոկոսից ավելին, ապա այդ խորհրդարանը լինելու է ոչ լեգիտիմ»,- նշեց Լ. Խաչատրյանը։
Նախկին պատգամավորի խոսքով՝ ձևավորվող խորհրդարանը հավանաբար կլինի ժամանակավոր, և իշխող ուժը նախընտրական քարոզարշավի ժամանակ գուցե անդրադառնա նաև այս հարցին։
«Կարծում եմ՝ իշխանությունները քարոզարշավի ընթացքում կխոսեն հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցից, որը կարող է լինել սահմանադրական փոփոխություններից, Ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո, ինչո՞ւ չէ՝ նաև երկրի հիմնը փոխելուց հետո։ Պետք է ունենանք մեր հիմնը, ժողովրդի կողմից ընդունված սահմանադրություն, ձևավորված լեգիտիմ իշխանություն։
Սա է պատճառը, որ վերջին 10 տարում մեր բյուջեն 3 միլիարդից ավելի չի լինում, որովհետև ապրում ենք կեղծված սահմանադրությամբ, ընտրություններին գնում ենք կեղծված Ընտրական օրենսգրքով, ձևավորում ենք ոչ լեգիտիմ խորհրդարան, և այլն, սա է պատճառը, որ երկիրը զարգացում չի ապրում»,- նշեց Լ. Խաչատրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան