«Նրանք բոլորը միանգամից իրավունք են ձեռք բերում ստանալու ամերիկյան քաղաքացիության բոլոր առավելությունները». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին «խելացնոր քաղաքականություն» է որակել այն բանի հիման վրա ամերիկյան քաղաքացիության տրամադրման իրավունքը, որ մարդը ծնվել է Միացյալ Նահանգների տարածքում, ինչը երկրի բյուջեի վրա տարեկան միլիարդավոր դոլարներ է նստում: Նախագահը վերստին քննադատել է այդ իրավունքը՝ Ֆլորիդայի նահանգում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:
Ելույթը հեռարձակել են ԱՄՆ-ի լրատվական հեռուստաընկերությունները։ «Ամեն տարի անօրինական միգրանտների հարյուր հազարավոր երեխաներ են ինքնաբերաբար քաղաքացիներ դառնում այդ անխոհեմ քաղաքականության պատճառով: Նրանք բոլորը միանգամից իրավունք են ձեռք բերում ստանալու ամերիկյան քաղաքացիության բոլոր առավելություններն ու բարիքները (երկրի բյուջեի համար) միլիարդավոր դոլարների գնով»,- նշել է նախագահը:
«Կոնգրեսը երբեք չի ընդունել օրենքներ, որոնք ծննդյան փաստով քաղաքացիության իրավունք են տալիս անօրինական միգրանտներին, իսկ Սահմանադրությունը… չի նախատեսում դա, քանի որ անօրինական միգրանտները ենթակա չեն Միացյալ Նահանգների իրավասությանը»,- եզրափակել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: