«Եթե մարդն անձնական շահ չունի, պետք է գոնե այդ հարցով զրուցեր նաև ինձ հետ». Աննա Ստեփանյան
Երևանի ավագանու այսօր տեղի ունեցած նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին մեղադրեց տնօրենի հավաստագրի ձեռքբերման նպատակով հոկտեմբերի 17-ի քննությանը մասնակցած 15 և ավելի մասնակիցների՝ քննությունը տապալելու մեջ։
«Քննող հանձնախմբի անդամները՝ Աննա Ստեփանյանի գլխավորությամբ, դրսևորել են անհարգալից վերաբերմունք մանկավարժների նկատմամբ և քննելուց առաջ նրանց ենթարկել են բարոյահոգեբանական ճնշումների։ Հավակնորդների քննելիս հանձնաժողովի անդամները, ի դեմս Աննա Ստեփանյանի, առաջնորդվել են բացառապես սուբյեկտիվ վերաբերմունքով։ Տիկին Ստեփանյանը հատիկ-հատիկ հիշել է թիվ 11 տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ բողոքող ուսուցիչներին ու որոշել կոպիտ, գռեհիկ պահվածքով վրեժխնդիր լինել նրանցից։ Նա նաև 164 դպրոցի ուսուցիչներին է հիշեցրել նմանօրինակ պահվածը ու ցավեցրել է նրանց ՝ այսպիսով պաշտպանելով Հայաստանի հանրապետական կուսակցության պատիվը»,-մասնավորապես նշեց Ա. Սամսոնյանը։
Ա. Սամսոնյանը հավելեց նաև, որ տնօրենի հավակնորդ ուսուցիչներին քննելու փոխարեն հանձնաժողովականների հետ վարչության պետ Ա. Ստեփանյանը «փորփրել է նաև նրանց անձնական կյանքը և փոխհարաբերությունները գործող տնօրենների հետ, ժամուկես տվել է հարակից հարցեր, հետո նրանց ասել, որ դրանք չեն գնահատվելու»։
Ըստ «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի՝ Աննա Ստեփանյանը քաղաքական երանգավորումներ է մտցրել գործընթացի մեջ, 30 տարի և ավելի փորձ ունեցող մանկավարժներին անվանել է կիսագրագետներ և անգրագետներ, և ըստ այդմ՝ կա պահանջ նրան անհապաղ հեռացնելու, և Աննա Ստեփանյանը Երևանի քաղաքապետարանում այլևս անելիք չպետք է ունենա՝ իհարկե, այդպես էլ չմանրամասնելով, թե ում կողմից կա նման պահանջ։
168.am-ը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետին հարցեր ուղղեց ավագանու անդամ Անի Սամսոնյանի կողմից հնչեցված մեղադրանքների վերաբերյալ։
-Տիկին Ստեփանյան, ի՞նչ կարող եք ասել այսօր Ձեր հասցեին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի կողմից հնչեցված մեղադրանքների մասին, արդյո՞ք նման միջադեպ գրանցվել է, և դուք միտումնավոր ճնշում գործադրե՞լ եք հավակնորդների վրա։
-Ես՝ որպես հանրակրթության վարչության վարչության պետ, ԿԳ նախարարի հրամանով հանդիսացել եմ հանձնաժողովի անդամներից մեկը։ Ներկա եմ գտնվել 2 օր, և դեռ մեկ օր էլ պետք է ներկա գտնվեմ։ Միտումի հարց, բնականաբար, չէր կարող լինել։ Հանձնաժողովի նախագահը եղել է ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, քննությունը վարել է փոխնախարարը, ես ընդամնեը որպես հանձնաժողովի անդամ՝ երբեմն հարցեր եմ ուղղել նրանց, մթնոլորտը լարված չի եղել։
-Իսկ այդ հարցադրումները վերաբերվե՞լ են արդյոք նրանց քաղաքական կողմնորոշմանը, թե՞ բացառապես կրթական ոլորտին վերաբերող հարցեր են հնչել Ձեր կողմից։
-Բոլորովին։ Քաղաքական իրականությանը վերաբերող որևէ հարցադրում չի եղել, անձնական հարցեր չեն տրվել, ինչի իրավունքը մենք, բնականաբար, չունենք էլ։ Առավելագույնը, հնարավոր է միայն, որ հարցրել եմ, թե քանի՞ տարվա մանկավարժ է, և ո՞ր դպրոցում է աշխատում։ Տրվել են միայն իրավիճակային հարցեր, ընդ որում, միայն հարցատոմսի շրջանակներում։
-Քննությունից կտրվող հավակնորդները միայն ուսուցիչնե՞ր են եղել, թե՞ նաև գործող տնօրեններ, և, ի վերջո, Դուք ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ այդքան մարդ հավաստագիր չի ստացել։
-Կտրվողների մեջ գործող տնօրեններ չեն եղել, այլ միայն ուսուցիչներ։ Պետք է նշեմ, որ տարբեր օրերի մասնակցությունը փաստել է, որ Երևանից ներկայացված մանկավարժները շատ ավելի վատ են պատրաստված եղել, քան մարզերի ներկայացուցիչները։ Եվ միայն իրենց պատրաստվածության մակարդակով են պայմանավորված նրանց ստացած գնահատականները։
-Այդ դեպքում ավագանու անդամ Անի Սամսոնյանի մեղադրանքներն ինչո՞ւ են հենց Ձեզ ուղղված, ինչո՞ւ է նա Ձեզ թիրախավորել։
-Զարմանալի է, որ ավագանու այն նիստում, երբ ընտրվում էին փոխքաղաքապետերը, ոլորտը կարգավորող փոխքաղաքապետն էլ դեռ լիովին իրավիճակին չէր տիրապետում, հնչեցվում է նման հարց։ Մի բան պարզ է ինձ համար, որ սա կամ անձնական խնդիր էր, կամ պատվեր։ Լուրեր են պտտվում, որ կտրվողների մեջ նաև Անի Սամսոնյանի բարեկամուհին է եղել, բայց այժմ դրան չեմ էլ ուզում անդրադառնալ։ Պարզապես ցանկանում եմ ասել, որ այսօր հնչեցվածը ծայրեիծայր հերյուրանք էր և չէր համապատասխանում իրականությանը, որովհետև հանձնաժողովի 7 անդամներ էին ներկա, և դժվար թե նրանք համակարծիք լինեն տիկին Սամսոնյանի հետ։ Սա կամ անձնական հետաքրքրությունների շրջանակում էր արված, կամ ավելորդ անգամ իրեն փիառ անելու կարիք ուներ «Լույս» խմբակցության հարգարժան անդամը։
-Իսկ գրավոր կամ բանավոր հարցում այդ խնդրով Ձեզ Անի Սամսոնյանը նախապես չէ՞ր ուղղել, միգուցե Ձեր պատասխանը նրան չէ՞ր բավարարել, ու նա որոշել էր բարձրաձայնել խնդիրը։
-Ոչ, որևէ դիմում՝ ոչ գրավոր, ոչ բանավոր ես չեմ ստացել։ Ասեմ ավելին, ավագանու անդամի լիազորությունների շրջանակում է բողոք ստանալիս լսել նաև մյուս կողմի կարծիքը հանգամանալից և օբյեկտիվ պատկեր ունենալու համար, սակայն Անի Սամսոնյանը գերադասել է շփման այս ձևը։ Կարծում եմ, եթե մարդն անձնական շահ չունի, պետք է նաև գոնե զրուցեր ինձ հետ այդ հարցով կամ ստանար ԿԳՆ վերաբերմունքը։
-Իսկ Ձեր վերադասի հետ այսօր միջադեպը քննարկե՞լ եք, որովհետև քաղաքապետն իր արձագանքում ասաց, որ դեպքը կուսումնասիրվի, և միակողմանի գնահատականներ տալ չի ցանկանում։
-Բնականաբար, քաղաքապետ պարոն Մարությանի հետ քննարկվել է խնդիրը, և նա վերահաստատեց իր նախապես հնչեցրած դիրքորոշումը։
-Իսկ այսօր ավագանու նիստից հետո Դուք Անի Սամսոնյանի կամ միգուցե խմբակցության ղեկավարի հետ հանդիպում չե՞ք ունեցել, չե՞ք փորձել հասկանալ մեղադրանքի հիմքերը։
-Նիստից անմիջապես հետո ես հանդիպում եմ խնդրել Դավիթ Խաժակյանից, ինքը համաձայնել է, մենք քննարկել ենք իրավիճակը։ Նա ասաց, որ ինքը հորդորել է Անի Սամսոնյանին՝ ճշտել փաստերը նախքան ելույթը։ Ես պարոն Խաժակյանին ասել եմ, որ հասնելու եմ նրան, որ խմբակցությունը հերքումով հանդես գա, ինչին վերջինս պատասխանեց, որ իրականությունը բացահայտվելու ու Անի Սամսոնյանի ներկայացրած փաստերը ժխտվելու դեպքում իրենք պատրաստ են ներողություն խնդրել։
-Տիկին Ստեփանյան, իսկ քննության ընթացքը ձայնագրվու՞մ էր։
-Այո, ձայնագրվում էր։ Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ինչ-որ հատված չի ձայնագրվել, բայց առաջին կեսի ձայնագրությունը կա։
-Քննությունը տապալած հավակնորդները բողոքարկելու հնարավորություն ունեցե՞լ են։
-Բնականաբար։ Բողոքարկմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահն ու անդամները, ներկայացրել ենք իրենց գնահատականները, տվել սպառիչ ու հիմնավորված պատասխաններ, բայց նույնիսկ այդ պարագայում եղան այնպիսիք, ովքեր համարում էին, որ իրենք կատարյալ պատասխաններ են տվել ու հանիրավի են կտրվել քննությունից՝ խոստանալով գալ քաղաքապետարան՝ բողոքելու։ Նրանց բացատրվել է, որ ոչ Երևանի քաղաքապետարանն է կազմակերպել այդ քննությունը, ոչ էլ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը կարող էր ազդեցություն ունենալ այդ քննությունների վրա։
Հ.Գ. 168.am-ը փորձեց լսել նաև ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանի տեսակետը խնդրի շուրջ, սակայն վերջինս պատրաստակամորեն ասաց, որ սիրով հարցազրույց կտա այդ հարցով, բայց ոչ հեռախոսով։ Մենք մեր հարցերը գրավոր կերպով ուղարկել ենք ԿԳ փոխնախարարին ու պատրաստ ենք մեկ անգամ ևս անդրադառնալ խնդրին՝ ներկայացնելով նաև Լուսինե Առաքելյանի կարծիքը։