Բաժիններ՝

«Դասական հեքիաթներն աշխարհում մնում են ավելի պոպուլյար». «IBBY International»-ի գործադիր տնօրեն Լիզ Փեյջ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակի կապակցությամբ Հայաստանը հյուրընկալել էր Մանկապատանեկանգրքի միջազգային կոմիտեի («IBBY International») գործադիր տնօրեն Լիզ Փեյջին, ով «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում խոսեց իրենց կոմիտեի գործունեության, «IBBY Armenia» մասնաճյուղի հետ համագործակցության մասին:

Լիզ Փեյջի խոսքով` ինքը երկրորդ անգամ է Հայաստանում և իր համար շատ հաճելի է ներկա գտնվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյա հոբելյանին:

«Մենք համագործակցում ենք «IBBY Armenia» մասնաճյուղի հետ, քանի որ այն Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի կարևոր մասն է և շատ ակտիվ է: Այն պարբերաբար վարպետության դասեր է կազմակերպում պատկերազարդողների,  հրատարակիչների, թարգմանիչների համար` Հայաստան հրավիրելով բարձրակարգ մասնագետների»,-ասաց Լիզ Փեյջը:

Նա ընդգծեց, որ իրենց կոմիտեի գործունեությունը շատ բազմազան է: Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու և ընթերցանության խթանման նպատակով այն տարբեր մրցանակներ է հանձնում: Դրանցից ամենահայտնին ու հեղինակավորը «Հանս Քրիստիան Անդերսենի» գրական միջազգային մրցանակն է:

«Մենք ունենք «IBBY» պատվո ցուցակ, որում ընդգրկվում են մանկագիրներ և պատկերազարդողներ, ունենք նաև գրականության խթանման ծրագրերին օժանդակող  նախագիծ, որը  ֆինանսավորում է «Yamada» հիմնադրամը»,-պատմեց կոմիտեի տնօրենը և շեշտեց, որ հիմնադրամի դերը շատ մեծ է իրենց համար, քանի որ այն  ֆինանսավորում է աշխարհի տարբեր անկյուններում ստեղծված նախագծերը, որոնք ունեն համաֆինանսավորում և միտված են գրքի մշակույթի զարգացմանն ու ընթերցանության խթանմանը, երեխաների ընթերցող դառնալու իրավունքի իրացմանը:

Հարցին, թե գիրք ընտրելիս երեխաներն ու պատանիները հիմնականում ինչի՞ն են ուշադրություն դարձնում, Փեյջը պատասխանեց, որ յուրաքանչյուր երկիր տարբեր է, բնականաբար, տարբեր են նաև մանկապատանեկան գրականության նկատմամբ պահանջները:

«Որոշ երկրներում ընթերցանության մակարդակը նոր-նոր է սկսել բարձրանալ, իսկ որոշներում էլ այն խորը արմատներ ունի: Ըստ իս` դասական հեքիաթներն ավելի պոպուլյար են: Այս մասին կարող ենք խոսել` մեր պատվո ցուցակի գրքերն ու թարգմանությունները դիտարկելով: Անգամ այսօր ցուցակում ներառված են հանրահայտ «Փոքրիկ իշխանը», «Մոխրոտը», «Պինոկիոն» և այլ դասական հեքիաթներ: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վերջերս նաև կատալոներեն է թարգմանվել: Շատ մեծ տարածում ունեն նաև ազգային հեքիաթները»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ հեղինակներին` Լիզ Փեյջը խոստովանեց, որ մեծահասակների համար ստեղծագործող հայ գրողներն ավելի հայտնի են, քան մանկագիրները: Նա այդ հանգամանքը պայմանավորեց նրանով, որ, գուցե, մանկագիրների գործերն ավելի քիչ են թարգմանվում:

Անժելա Համբարձումյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս