ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՎՄԱՆ ՍԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ ԷՐ․ ՄԱՅՐՍ ՄԻՇՏ ԶԲԱՂՎԱԾ ԷՐ, ԴԵ ՀԱՅՐՍ ԷԼ ՉԿԱՐ․․․ ՍԻԼՎԻ ԲԱՐԿՈՎԱ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման շրջանակներում դերասանուհի Սիլվի Բարկովան  անդրադառնում է տղամարդկանց ու կանանց հարաբերություններին, անձնական կյանքի փորձին, մանկության տրավմաներին, հավատքին և կրթական համակարգի ճգնաժամին՝ բարձրաձայնելով հասարակության մեջ առկա, բայց հաճախ չքննարկվող խնդիրները։

Նրա խոսքով՝ այսօր շատ տղամարդիկ, անկախ տարիքից, խուսափում են պատասխանատվությունից։

«Շատ տղամարդիկ, ցավոք սրտի, վախենում են պատասխանատվությունից, դա կապ չունի տարիքի հետ։ Նրանք վախենում են ուժեղ կնոջից»,- նշում է դերասանուհին՝ հավելելով, որ երբ տղամարդը ներքին առումով թույլ է, իր «ես»-ը կնոջ կողքին ավելի է ճզմվում։

Այդ իրավիճակում, ըստ նրա, հաճախ միակ ելքը մնում է հեռանալը. Սիլվին այսպես է մեկնաբանում իր հոր՝ իրենց թողնելու փաստը։

Սիլվի Բարկովան անկաշկանդ խոսում է նաև իր մանկության մասին՝ այն համարելով կյանքի կարևորագույն ձևավորող փուլ։

«Իմ մանկության տրավման սիրված լինելն էր։ Մայրս միշտ զբաղված էր, իսկ հայրս չկար»,- ասում է նա՝ ընդգծելով, որ ծնողական բացակայությունն ու սերը զգալու պակասը երկար տարիներ կարող են ազդել մարդու ներաշխարհի վրա։

Խոսելով ընտանիքի և արժեքների մասին՝ դերասանուհին շեշտում է իր հստակ դիրքորոշումը հավատքի հարցում։ Նրա խոսքով՝ անկախ շրջապատի ակնկալիքներից կամ պահանջներից, իր երեխան միանշանակ պետք է լինի քրիստոնյա։

«Տատիկ-պապիկի կողմից լինեն, թե չլինեն պահանջներ, իմ երեխան քրիստոնյա է լինելու»,- ասում է նա։

Հիշեցնենք, որ Սիլվին ամուսնացած է ազգությամբ հնդիկի հետ, ում ընտանիքը քրիստոնյա չէ, սակայն երբևէ իր առջև կրոնափոխ լինելու խնդիր չի դրվել։

Այլ հավատքներին անդրադառնալիս Սիլվի Բարկովան բավական կտրուկ ձևակերպումներ է անում։

«Հինդուիզմը ինձ համար հեքիաթ է։ Երեք միլիոն Աստված… հիմա ո՞ր մեկին կանչեմ»,- նշում է նա՝ ընդգծելով, որ իր համար հավատքը պետք է լինի պարզ, հասկանալի և ներքին վստահություն ներշնչող։

Դերասանուհին մտահոգված է նաև կրթության և մասնագիտական ընտրության ներկա միտումներով։

Նրա գնահատմամբ՝ հասարակությունը կանգնած է լուրջ մշակութային և կրթական անկման առաջ։

«Տոտալ դեգրադացիա է։ Նորմալ ուսում չկա, ամեն երկրորդը դառնում է դերասան, ոչ մեկը չի ուզում դառնալ գիտնական»,- ասում է նա՝ սա համարելով համակարգային խնդիր, որն ապագայում կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Սիլվի Բարկովայի խոսքը սուր է, երբեմն՝ հակասական, սակայն այն արտացոլում է մի շերտի մտահոգություններն ու ներքին բողոքը, որը հաճախ մնում է կուլիսներում։ Նրա անկեղծությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանրային դեմքերի խոսքը կարող է վերածվել հասարակական քննարկման առիթի՝ ստիպելով վերանայել ընդունված կարծրատիպերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս