Բաժիններ՝

Պետք է պաշտպանել Վենեսուելայի ինքնիշխանությունը. Հռոմի պապ

Հռոմի պապ Լևոն 14-րդը հետևում է Վենեսուելայում կատարվող իրադարձությունների և «Հրեշտակ Տյառն» աղոթքի ժամանակ կոչ է արել գերակա համարել վենեսուելացի ժողովրդի բարօրությունը, պահպանել օրենքի գերակայությունը և հարգել բոլորի մարդկային ու քաղաքացիական իրավունքները։

«Վենեսուելացի ժողովրդի բարօրությունը պետք է գերակայի ցանկացած այլ նկատառումից և առաջնորդի մեզ հաղթահարելու բռնությունը և բռնելու արդարության ու խաղաղության ուղիները՝ պաշտպանելով երկրի ինքնիշխանությունը, ապահովելով Սահմանադրությամբ ամրագրված օրենքի գերակայությունը, հարգելով յուրաքանչյուր անձի և բոլորի մարդկային ու քաղաքացիական իրավունքները»,– հայտարարել է Հռոմի պապը։
Նա Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքավածներին կոչ է արել աղոթել վենեսուելացի ժողովրդի համար։

«Եկեք շարունակենք հավատալ խաղաղության Աստծուն։ Եկեք աղոթենք և համերաշխ լինենք այն ժողովուրդների հետ, ովքեր տառապում են պատերազմների պատճառով»,– ասել է Լևոն 14-րդը։

Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:

Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս