Իրանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել համացանցի հասանելիության համար կառավարության դեմ բողոքի նոր ալիքի ֆոնին
Իրանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել համացանցի հասանելիության համար՝ կառավարության դեմ բողոքի նոր ալիքի ֆոնին, հաղորդել է TRT-ն:
Cloudflare տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության տվյալների համաձայն՝ երկրում ինտերնետային տրաֆիկը շաբաթ օրը ժամանակավորապես նվազել է մոտ մեկ երրորդով:
Իրանը նախկինում դիմել է ինտերնետի մասնակի և լրիվ սահմանափակումների 2009, 2019 և 2022 թվականների բողոքի ցույցերի ժամանակ։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են նաև 2025 թվականի հունիսին Իսրայելի հարձակումների ժամանակ։ Որոշ դեպքերում ինտերնետ հասանելիությունը գրեթե ամբողջությամբ անջատվել է, և օգտատերերը կարողացել են մուտք գործել միայն մի քանի կայքերի։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն յոթերորդ օրը։ Բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Թեհրանի խանութպանները փակել են իրենց բիզնեսները՝ ի նշան տնտեսական վիճակի վատթարացման դեմ բողոքի։ Հաջորդ օրերին ցույցերը տարածվել են երկրի այլ խոշոր քաղաքներում։
