«ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ Թավշյա հեղափոխության իրական մտադրությունները». Կայծ Մինասյան

Հարցազրույց Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանի հետ

ՀՀում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող հարցազրույցում խոսել էր նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ նշելով, որ հայ ժողովուրդը պետք է որոշի, և առանց «գրավյալ տարածքների» որոշակի մասի վերադարձի կարգավորում հնարավոր չէ։ Այս հայտարարությունը բավականին բուռն ընդունվեց Հայաստանում և Արցախում։  Ըստ ձեզ՝ ինչո՞ւ դեսպանը խոսեց տարածքների վերադարձի մասին հենց ներկայումս։ Ի՞նչ նպատակ ուներ՝ այս թեման բարձրացնել հենց հիմա։

– Դեսպանի խոսքերը երկու զարգացումների արդյունք են: Առաջինը վերաբերում է թավշյա հեղափոխությանը: Դեսպան Միլսը փորձեց հասկանալ նոր իշխանության տրամադրվածությունը: Յուրօրինակ սադրանք՝ իմանալու համար, թե ինչպես է թավշյա հեղափոխությունն արձագանքելու: Երկրորդ զարգացումը կապված է հին ռեժիմի հերթական հռչակագրերին տարածքների վերադարձի մասին: Խոսքերին արժեք չհաղորդելը, ինչպես Սերժ Սարգսյանն արել էր, Հայաստան բերել  է այն, ինչ ցանեց` ճնշումներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ» է։ Դա այդպե՞ս է, թե՞ սա ամերիկյան դիրքորոշումն է կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Մենք գիտենք, որ «տարածքների դիմաց՝ կարգավիճակ» ձևակերպումը  Մադրիդյան սկզբունքների շարքում է: Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան  այս գծի մեջ են: Բայց սա սկզբունք է, որն Արցախը մերժում է: Նոր Հայաստանը դեռ չի հայտարարել այս թեմայով:

Ըստ ՀՀ վարչապետի՝ օպերատիվ կապ է ստեղծվել հակամարտող կողմերի միջև։ Որքանո՞վ, ըստ Ձեզ՝ այն արդյունավետ կլինի։ Կարելի՞ է պնդել, որ այս կապի հաստատմամբ պատերազմի վերսկսման հնարավորությունը նվազել է, և ընդհանուր առմամբ ի՞նչ կարելի է ակնկալել բանակցային գործընթացից առաջիկայում։

Առաջ ընթանալու նշաններն ավելի շատ են: Սա ցույց է տալիս, որ Բաքուն և Երևանը մեծ ակնկալիքներ ունեն և պատասխանատվություն են կրում: Դա նաև Մինսկի խմբին ուղարկված նշան է՝ նախքան հաջորդ շրջագայությունը:

ԱՄՆ պաշտոնյաներն ակտիվ այցեր են կատարում տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան։ Առաջիկայում նախատեսված է նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան։ Ո՞րն է այս այցի նպատակը, օրակարգը։

Մայիսից Հայաստանը նշում է, որ ցանկալի է, որքան հնարավոր է՝ շուտ անցկացնել Թրամփ-Փաչինյան հանդիպումը: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները չգիտի՝ արդյո՞ք թավշյա հեղափոխությունը շարժվելու է դեպի Արևմուտք: Նրանք չունեն բավարար տարրեր: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը կհարգի դիվանագիտական պարտավորությունները և ամրապնդի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միացյալ Նահանգները ցանկանում է հասկանալ թավշյա հեղափոխության իրական մտադրությունները: Նրանք կկազմակերպեն հանդիպում Թրամփի հետ այն եզրակացությունների հիման վրա, որոնք Բոլթոնը  կներկայացնի այդ այցելություններից:

Որքանո՞վ այն կարող է առնչվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ։

– Այս պահին դեռ վաղ է: Մինչև դեկտեմբերյան ընտրությունները չի լինի առաջընթաց, եթե դրանք տեղի ունենան տարվա վերջում: Մենք ավելի շատ տեղեկություններ կունենանք Նիկոլ Փաշինյանի և ընտրական գործընթացում ներգրավված այլ քաղաքական ուժերի մտադրության մասին:

Տեսանյութեր

Լրահոս