«Ազնավուրը երևի պատկերացում չի էլ ունեցել Ախթալայի մասին». պատմաբանը՝ Ախթալան Ազնավուրի անունով կոչելու խնդրանքի մասին
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով բնակավայրի անվանակոչման խնդրանքով մշակույթի գործիչները (բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը` Մրո) բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նրանք խնդրել են քննության առնել Հայաստանի բնակավայրերից Ախթալան Ազնավուր անվանակոչելու իրենց առաջարկը:
«Հայաստանում առ այսօր պահպանվող թուրքանուն բնակավայրերից մեկը Լոռու մարզի Ախթալա համայնքն է, որը նաև այն բնակավայրն է, որտեղ հանքեր շահագործելու նպատակով տակավին 1845 թվականից հաստատվել են ֆրանսիացիները։ 1887 թվականին նրանք Փարիզում 4 մլն ֆրանկ կապիտալով հիմնել են հայաստանյան առաջին բաժնետիրական ընկերությունը՝ թողարկելով առաջին հայաստանյան բաժնետոմսերը։
Ախթալայում ֆրանսիացիները հիմնել են նաև վարչական և բնակելի շենքերից բաղկացած ֆրանսիական թաղամասը (որի մի շարք կառույցներ պահպանվել են նաև ցայսօր), Ախթալայի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերափոխել են կաթոլիկ եկեղեցու, իսկ 1887-1889 թթ. այստեղ իր առաջին պեղումներն է կատարել ֆրանսիացի աշխարհահռչակ հնագետ Ժակ դը Մորգանը՝ Փարիզում 1889 թվականին հրատարակելով պեղումների մասին գիրք։ Մորգանի կողմից պեղված գտածոների զգալի մասը այսօր էլ գտնվում է Ֆրանսիայի Ազգային Հնագիտության թանգարանում և կազմում է նրա կովկասյան ցուցադրության զգալի մասը»,- գրված է նամակում:
«Նախաձեռնությունը՝ կապված անվանափոխության հետ, դրական է, բայց նախքան վարչապետին դիմելը պետք է ժողովրդի կարծիքը հարցնեն: Անունը պետք է համահունչ լինի քաղաքի պատմությանը և ներկային: Տարիներ առաջ ձևավորվեց պետական հանձնաժողով, շատ անուններ փորձեցին փոխել: Բայց ամենակարևորը պետական մակարդակով անունը փոխելը չէ: Ժողովուրդը պետք է ցանկանա, ընդունի ու կիրառի, ոչ թե շարունակի հին անունն օգտագործել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Ախթալան շատ հարուստ պատմություն ունի, միջնադարում հայտնի է եղել՝ որպես պղնձահանք:
«Պղնձի, գունավոր մետաղների արդյունաբերությունն ունի դարերի պատմություն: Միջնադարում, վաղ շրջանում հայտնի է եղել նաև՝ որպես Զաքարե, Իվանե եղբայրների ենթակայության ներքո գտնվող տարածք: Այնտեղ թաղված է Իվանե Զաքարյանը: Շատ լավ կլիներ, որ Զաքարյանների անունով կոչվեր, որոնցով հպարտանում ենք:
Բայց չպետք է մոռանանք, որ պնձի արդյունաբերության հետ է կապված բնակավայրի անունը, ու մենք դրանով հպարտանում ենք: Գիտե՞ք, որ ԱՄՆ-ի Ազատության արձանը, որը ձուլել են ֆրանսիացիները, հիմնականում օգտագործել են Ախթալայի պղինձը: Ախթալայի պղնձից պատրաստված ձիեր են անգամ նվիրել Ներոն կայսերը: Ավելին՝ Տրդատը, երբ գնացել է թագադրվելու, տարել է պղնձից և բրոնզից քանդակներ, որոնք, համաձայն տեղեկությունների, Ախթալայում են պատրաստվել: Եվ հիմա այսպիսի ավանդույթներ ունեցող քաղաքը կոչել Ազնավո՞ւր… մի քիչ պետք է հանգամանքները հաշվի առնենք»,- նշեց պատմաբանը:
Ինչ վերաբերում է բնակավայրի թուրքական անվանմանը (բառարանային բացատրությունը հետևյալն է. «Ախթալա» թուրքերեն նշանակում է՝ «սպիտակ բացատ» («աղ+թալա»). այսպես է ստուգաբանվում տեղի հանքաքարի սպիտակության պատճառով), Գևորգ Մելքոնյանը մանրամասնեց.
«Թուրքական հայտնի բորչալու ցեղ կար, և մի քանի հարյուր տարի առաջ շրջանը հայտնի էր՝ որպես Բորչալուի գավառ: Սրանք եկել ու բնակվել էին այստեղ, փոխել բոլոր տեղական անունները: Օրինակ, Այրում անունը նույնպես թուրքական ցեղի անուն է ու այդ ցեղի՝ այստեղ հիմնվելու հետևանք: Վերջին տարիներին Ադրբեջանում ծավալուն գրքեր են տպագրվել, որտեղ անդրադառնում են թուրքական անուններ ունեցող բնակավայրերին ու փորձում են ցույց տալ, թե հայերը պետական մակարդակով փոխում են: Ու հիմա, եթե տանք քաղաքի հետ կապ չունեցող անվանում, կնշանակի, որ թուրքական անվանումը պարզապես փոխում ենք, բայց վերականգնելով իսկական անունը՝ ասենք՝ Պղնձահանքը, նշանակում է, որ ունենք պատմական հիմնավորում: Ոչ թե դնել Ազնավուր… ախր, երևի նա պատկերացում չի էլ ունեցել Ախթալայի մասին ու երբևէ չի եղել այնտեղ»:
Անի Կարապետյան