Լիբանանում տեղահանվել է ավելի քան կես միլիոն մարդ. ՄԱԿ-ն անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հերթական անգամ կոչ է արել Լիբանանում «լարվածության անհապաղ թուլացման»՝ նշելով, որ Իսրայելի կողմից տեղացիների բռնի տեղահանման հրամանների հետևանքով տուժել են հարյուր հազարավոր մարդիկ։
«Մեր մարդասիրական գործընկերները հայտնում են, որ Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներում, Բաալբեկ նահանգի որոշ հատվածներում և Բեքաա հովտում, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների մեծ հատվածներում բնակվող մարդկանց գրեթե մեծ մասն այժմ հայտնվել է ռազմական գործողությունների գոտում», – Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը՝ ընդգծելով, որ միայն նախորդ շաբաթ ավելի քան 660 հազար մարդ գրանցվել է որպես տեղահանված։
Նա նշել է, որ բուժհաստատություններն աշխատում են մեծ ճնշման տակ, իսկ քրոնիկ հիվանդություններով տեղահանված անձինք չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժում։
«Հարձակումները շարունակում են թիրախավորել նաև առողջապահական հաստատությունները: Երեկ Իսրայելի հարվածը թիրախավորեց Կարմիր խաչի շտապօգնության մեքենան՝ վիրավորելով շտապօգնության աշխատակիցներին և վնասելով մեքենան: Մարտի 2-ից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեր գործընկերները գրանցել են առողջապահական հաստատությունների վրա 23 հարձակում, որոնց արդյունքում գրանցվել է 14 մահ և 26 վիրավոր»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ն իր գործընկեր կառույցների հետ ընդլայնում է Լիբանանում հրատապ մարդասիրական օգնությունը: «Երեկվանից մենք և մեր գործընկերները բաժանել ենք հարյուր հազարավոր տաք կերակուրներ, ինչպես նաև մի քանի հազար ներքնակներ և վերմակներ՝ տեղահանված ընտանիքներին աջակցելու համար:
Մենք կրկին ընդգծում ենք անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը: Բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային մարդասիրական իրավունքը, իսկ դա ներառում է քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ առողջապահական հաստատությունների պաշտպանություն: Մարդասիրական հասանելիությունը պետք է լինի անվտանգ և պետք է շարունակական լինի, որպեսզի օգնությունը հասնի բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», – ասել է Դյուժարիկը:
Լիբանանի կառավարության տվյալներով՝ պատերազմի սկսվելուց ի վեր մոտ 760,000 մարդ գրանցվել է որպես տեղահանված։



