Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել գիտակրթական և մշակութային բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերի և նախագծերի շուրջ:
Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում փորձի փոխանակման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա հարթակների ներուժի լիակատար օգտագործման կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Օդրի Ազուլան անդրադարձել են ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքների օրակարգին և զուգահեռ անցկացվող միջոցառումներին: Վերջիններս համակարծիք են, որ ՖՄԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորում են ընդհանուր արժեքներ և նպատակներ, որոնք կարող են լավ հիմք ծառայել մի շարք ոլորտներում արդյունավետ փոխգործակցություն հաստատելու համար: