ՆԱՏՕ-ն պաշտպանության ոլորտում ներդրումներն շտապ ավելացնելու անհրաժեշտություն է տեսնում. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանության բնագավառում ներդրումների շտապ ավելացման անհրաժեշտություն է տեսնում: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքները:
«Մենք պաշտպանական ներդրումների անհապաղ ավելացման անհրաժեշտություն ենք տեսնում: Ես ակնկալում եմ, որ տարեցտարի մենք կտեսնենք պաշտպանական ծախսերի ավելացում եւ կհասնենք ՀՆԱ-ի 2 տոկոսի ցուցանիշին»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ դաշինքի անդամ երկրները մոտ ժամանակներս կներկայացնեն պաշտպանության ծախսերի ավելացման պլանները: «ՆԱՏՕ-ի բոլոր երկրները մինչեւ տարեվերջ կներկայացնեն պաշտպանության ծախսերի ավելացման, այդ թվում՝ նոր ռազմական հնարավորությունների ձեռքբերման ազգային պլաններ: Եվ մենք դրանք կքննարկենք փետրվարին»,-հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: