Ռոման Պոլանսկին ֆիլմ կնկարահանի Ալֆրեդ Դրեյֆուսի գործի մասին
Ֆրանսիացի ու լեհ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին մտադիր է էկրանավորել բրիտանացի գրող Ռոբերտ Հարիսի գիրքը, որը նվիրված է «Դրեյֆուսի գործին»: Ֆիլմի նկարահանումներին, որը վարձույթում կստանա «Ես մեղադրում եմ» անվանումը, 85-ամյա ռեժիսորը ձեռնամուխ կլինի նոյեմբերի 26-ին Փարիզում: Լիամետրաժ կինոժապավենի դերասանական կազմն ներառում է Լուի Հարելին, Ժան Դյուժարդենին եւ Էմանյուել Սենյեին։
Սա Պոլանսկու առաջին համագործակցությունը չէ բրիտանացի հեղինակի հետ: 2010 թվականին նա էկրանավորել էր Հարիսի «Ուրվականը» քրեական վեպը: Ռեժիսորի այս աշխատանքն արժանացել է «Սեզար» մրցանակին՝ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիական բարձրագույն պարգեւին: Ռեժիսորն արդեն վաղուց էր պլանավորում ֆիլմ նկարահանել ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործի մասին, որին կեղծ հիմքերով մեղադրել են Գերմանիայի օգտին լրտեսության մեջ:
Ռոբերտ Հարիսն իր «Սպան եւ լրտեսը» վեպում պաշտպանում է ֆրանսիական հետախուզության պետ Ժորժ Պիկարի տեսակետը, որը հաստատել է կապիտանի անմեղությունը: Պիկարին հաջողվում է մերկացնել իսկական լրտեսին՝ մայոր Ֆերդինանդ էսթերհազիին, որն արդարադատությունից թաքնվումէ Անգլիայում:
1894 թվականին աստիճանազրկման եւ ցմահ տաժանակրության դատապարտված Դրեյֆուսին չորս տարի անց ներում է շնորհվել այն բանից հետո, երբ ֆրանսիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ գրող Էմիլ Զոլան, հանդես եկան նրա պաշտպանությամբ: Ազատ արձակվելուց եւ դատական ատյաններում արդարացվելուց հետո նա վերադառնում է ֆրանսիական բանակ: Փոխգնդապետ Դրեյֆուսը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին:
Պոլանսկին եւ Հարիսը որոշել են ֆիլմը նկարահանել թրիլլերի ժանրում:
Դրեյֆուսի դերը հանձնարարված է Լուի Հարելին: Պիկարի դերում հանդիսականները կտեսնեն Ժան Դյուժարդենին, որն իր աշխատանքով հռչակ է ձեռք բերել «Արտիստը» կինոնկարում (2011 թ.): Այս դերի համար Դյուժարդենն արժանացել է «Օսկար» մրցանակի: Ֆիլմում նաեւ խաղալու է դերասանուհի Էմանյուել Սենյեն՝ ռեժիսորի կինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: