Բաժիններ՝

Կուտակված աղբի գարշահոտությունը կարող է ավելացնել վարակիչ հիվանդություններով վարակվածների թիվը

Ամառվա ամիսներին, երբ ամբողջ Երևանը կորած էր աղբի մեջ, հասարակության շրջանում մտահոգություններ կային, որ գարշահոտության և ոչ հիգիենիկ իրավիճակում հնարավոր է՝ առաջ գան բազմաթիվ վարակիչ հիվանդություններ։

168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանն անդրադառնալով այդ մտահոգություններին՝ փաստեց, որ դրանք որոշ չափով արդարացված են, քանի որ գարշահոտությունը, որը կար մայրաքաղաքի գրեթե բոլոր հատվածներում, կարող էր սրել նաև ոչ վարակիչ հիվանդությունները, հատկապես՝ ալերգիաները։

«Աղբի կուտակումների վրա բազմանում են բազմաթիվ ճանճեր, որոնք կարող են փոխանցել աղիքային վարակիչ հիվանդություններ։ Աղբի կուտակումներում են բազմանում նաև մլակները, որոնք փոխանցում են լեյշմանիոզ հիվանդությունը, որը մեզ համար անհանգստացնող է։ Լեյշմանիոզը փոխանցվող հիվանդություն է, որը փոխանցվում է մլակի խայթոցի միջոցով, հիվանդանում են հիմնականում երեխաները և իմունային համակարգի հետ խնդիրներ ունեցողները։ Իհարկե, այս հիվանդությունն անմիջապես չի երևա, քանի որ ունի բավականին երկարատև գաղտնի շրջան։ Երևանում այս պահին ունենք լեյշմանիոզով վարակված դեպքեր, հնարավոր է նաև ավելանան՝ կապված այս իրավիճակի հետ»,- ընդգծեց Լուսինե Պարոնյանը։

Ըստ մասնագետի՝ պետք է որոշ ժամանակ սպասել, այնուհետև դիտարկում անել, հասկանալու համար, թե որքանով են այս դեպքերը կապված ոչ պատշաճ աղբահանության հետ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս