Կրթության բովանդակության կոմպետենցիոն մոտեցման մասին
Վերջին ամիսներին Հայաստանում առաջարկներ են հնչում այս կամ այն առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին։ Խստացվելու է նաև դպրոցների ավարտական քննությունների անցկացման գործընթացը։ Նման մոտեցման պատճառն այն է, որ կրթություն ասելով՝ դեռևս հասկանում ենք աշակերտներին փոխանցվող որոշակի նյութ և դրա ստուգում։
Մինչդեռ այս ընկալումը արդեն մի քանի տարի համարվում է հնացած։ Դեռևս 1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Ժակ Դելորը խոսեց կրթության 4 կարևոր հենասյուների մասին. սովորել լինել, սովորել իմանալ, սովորել անել, սովորել ապրել միասին։ Այդ շրջանից սկսած կրթության մեջ տարածում ստացավ այն գաղափարը, որ ուսումնական հաստատություններում դասավանդվող առարկաները պետք է միավորվեն մեծ գաղափարների շուրջ։ Առարկաների դասավանդումը պետք է ծառայի ընդհանրական հմտությունների ձևավորմանը։ Դրանք կրթության մեջ կոչվեցին կոմպետենցիաներ։ Ի տարբերություն գիտելիքի, հմտության, կոմպետենցիաներն ավելի ընդհանուր բնույթ են կրում։
Օրինակ՝ առանցքային կոմպետենցիաներ են համարվում քննադատական մտածողությունը, ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցությունը, համագործակցությունը։ Սովորաբար կոմպետենցիաները միավորում են գիտելիքները, հմտությունները և վերաբերմունքը-արժեքները։ Կոմպետենցիաների վրա հիմնվող մոտեցումը կարևոր է այն առումով, որ ուսուցչից պահանջվում է ուսուցման գործընթացում կենտրոնանալ առանցքային գաղափարների վրա։
Դասագրքի հեղինակը, ուսուցիչը պետք է կարողանան ուսումնական նյութը ծառայեցնել մեծ գաղափարների ուսուցմանը։ Այս մոտեցումը 21-րդ դարի առաջին տարիներին ներդրեցին աշխարհի մի շարք առաջատար երկրներ. Ֆինլանդիան, Սինգապուրը, Կանադան, Հարավային Կորեան։ Ավելի ուշ համակարգը ներդրվեց նաև Գերմանիայում, Նիդեռլանդներում և այսօր մեծ տարածում ունի աշխարհում։ Օրինակ՝ Ֆինլանդիան մշակել է 7 հիմնական կոմպետենցիաներ, որոնցից է Մտածողությունը և սովորելու կարողությունը։ Կանադայում կոմպետենցիաների շարքում է քաղաքացիական գրագիտությունը։
Հայաստանում ևս տեսականորեն ներդրվեց այս համակարգը։ Մասնավորապես, 2004 թվականին կառավարությունը հաստատեց Կրթակարգը, որը առաջին փորձն էր անցնելու կոմպետենցիաների վրա հիմնվող ուսուցման։ Սակայն հետագայում այս գաղափարը զարգացում չունեցավ։ Ավելին, այդպես էլ չներդրվեց կրթության համակարգում։ Այդպես էլ չստեղծվեց համակարգը կոմպետենցիոն մոտեցման տրանսֆորմացնելու պլան և քայլերի հաջորդականություն։
Շատ փաստաթղթերի նման, այս մեկը ևս մնաց բարի մտադրությունների մակարդակում։ 2016 թվականից մինչ օրս ընդունված չէ նոր Կրթակարգը, այսինքն՝ այն փաստաթուղթը, որը պետք է մեծ գաղափարների անձրևանոցի տակ հավաքի դպրոցում դասավանդվող առանձին առարկաները։ Տնօրենների և ուսուցիչների մեծ մասը պատկերացում չունի, թե ինչ է կոմպետենցիաների վրա հիմնվող մոտեցումը։ Բայց ամենամտահոգիչն այն է, որ այդ մասին տեղյակ չեն դասագրքերի հեղինակները։
Մինչ մենք շարունակում ենք իրարից անջատ ու չկապակցված առարկաներ ուսուցանել, աշխարհում շարունակվում են կոմպետենցիաների շուրջ քննարկումները։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը մշակել է Կրթություն-2030 ծրագիրը, որը ձևավորում է կոմպետենցիաների նոր համակարգ։
Աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում նաև գրագիտության նոր մոդելի ձևավորմանը։ Ակնհայտ է, որ գրել, կարդալ, հաշվել իմանալը բավարար չէ մարդուն գրագետ համարելու համար։ Այդ առումով առանձնացվում են թվային գրագիտությունը, մեդիա գրագիտությունը, առողջական գրագիտությունը, ֆինանսական գրագիտությունը և այլն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցական առարկաների քանակը, տեղեկությունների ծավալը մեծանում են, նմանատիպ ընդհանրական մոտեցումները կարևոր են, որպեսզի երեխաները չմոլորվեն ու չհիասթափվեն չկապակցված տեղեկությունների հորձանուտում։
Հայաստանում պետք է անհապաղ սկսել կոմպետենցիոն մոտեցման անցնելու գործընթացը։ Այդ գործընթացը պետք է հենց սկզբից լինի մասնակցային։ Դասագրքերի հեղինակները, ուսուցիչ վերապատրաստողները, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները պետք է հասկանան այս մոտեցման առանձնահատկությունները։ Դասագիրք գրող մասնագետը նյութեր մշակելիս պետք է մտածի այնպիսի առաջադրանքների մասին, որոնք զարգացնում են սահմանված կոմպետենցիաները։
Ուսուցիչ վերապատրաստողը ոչ թե պետք է պարզապես նոր մեթոդներ և հնարներ ուսուցանի, այլև պետք է յուրաքանչյուր մեթոդ ու հնար կապակցի կոմպետենցիաների հետ։ Յուրաքանչյուր դասի պատրաստվելիս ուսուցիչը պետք է իմանա, թե ինչ կոմպետենցիաներ է զարգացնելու դասի կամ դասերի շարքի արդյունքում։
2018 թվականի գարնանը Ռուսաստանում անցկացվել են հարցումներ, որոնց ժամանակ փորձ է արվել պարզելու, թե որքանով են ուսուցիչներն ու ծնողները հասկանում կոմպետենցիաների կարևորությունը։ Ուսուցիչների 80%-ը նշել են, որ իրենց խնդիրը առարկայի բովանդակությունը երեխաներին սովորեցնելն է, իսկ մնացած հմտությունները երեխաներն իրենք պիտի զարգացնեն։ Ուսուցիչների միայն 29%-ն է նշել, որ դասերի ժամանակ կարևորում է համագործակցային կոմպետենցիայի ձևավորումը։ Կարծում եմ՝ Հայաստանի ցուցանիշները շատ չեն տարբերվի Ռուսաստանից։
Ամեն դեպքում ինչո՞ւ են զարգացած երկրները կարևորում կոմպետենցիոն մոտեցումը։ Խնդիրն այն է, որ առարկայական գիտելիքների զգալի մասը երեխաներն ի վերջո մոռանում են։ Բայց եթե այդ գիտելիքները ծառայեցվեն ավելի ընդհանրական կարողությունների զարգացմանը, ապա երեխաների մոտ կձևավորվեն մտածելու, հաղորդակցվելու, համագործակցելու կոմպետենցիաներ, որոնք կարևոր են ժամանակակից աշխարհում և համարվում են պահանջված աշխատաշուկայում։