«Ես այսօր չգիտեմ երկիր, ուր իրական քաղաքական որոշումները կկայացներ փողոցի կամ հրապարակի հանրությունը». Սերգեյ Մարկեդոնով
ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանում իրադարձությունները սրընթաց են զարգանում, ռուս-հայկական հայկական հարաբերություններում շատ հետաքրքիր ինտրիգներ կան։ Բնականաբար, այս մասին շատ եմ գրում, հաճախ եմ արտահայտվում։ Եվ նույնքան հաճախ էլ վերջին ժամանակներս սկսել եմ անձնական նամակներ ստանալ տարակուսած ընթերցողների կողմից։
Սկզբունքորեն դրանց բովանդակությունը կանխատեսելի է. «Դուք ի՞նչ իրավունք ունեք, Դուք Հայաստանի քաղաքացի չեք, թող ժողովուրդը որոշի, այլ ոչ թե տարատեսակ քաղաքագետները»։
Կպատասխանեմ մեկ անգամ միանգամից բոլորին։ Ով կցանկանա հասկանալ՝ կհասկանա, իսկ ով՝ոչ, նրան նաև բացատրություններով լեցուն թղթերի տոննաները ոչնչով չեն օգնի։
Այն, որ ես Հայաստանի քաղաքացի չեմ, ընդհանրապես փաստարկ չէ։ Միգուցե չափազանց շատ եմ վերցնում ինձ վրա՝ բերելով այսպիսի զուգահեռներ, բայց Ալեքսիս դը Թոքվիլը ամերիկացի չէր, չնայած ԱՄՆ քաղաքական համակարգի մասին լավագույն աշխատություններից մեկն է գրել։ Եվգենի Թարլեն չի ապրել Բոնապարտի ժամանակներում և ֆրանսիացիների կայսեր հետ կոնյակ չի խմել, բայց նրա «Նապոլեոն» աշխատությունը մինչ օրս էլ լավագույններից մեկն է համարվում։
Գրողների հետ՝ միևնույն պատմությունն է։ Լիոն Ֆեյխտվանգերն անձամբ ծանոթ չէր Իոսիֆ Ֆլավիոսի հետ, իսկ Լև Տոլստոյը 1812թ. կանգնած չէր Բագրատիոնի դիրքերում. նա 16 տարի ուշ էր ծնվել։ Ինչ-որ մեկը սրա համար նրանց մեղավո՞ր կհամարի, թե՞ կկարդա նրանց պատմական գործերը։
Արջերի մասնագետը ձմռանը քուն չի մտնում, իսկ գայլերի մասնագետը չի ոռնում լիալուսնի ժամանակ, միջուկային ֆիզիկոսն իր վրա ճառագայթումը չի փորձում ու չի նստում միջուկի ներսում, իսկ բժիշկ-վարակաբանը, բոլորովին պարտադիր չէ, որ ժանտախտով կամ խոլերայով հիվանդանա։
Լավ է թե վատ, բայց ես ընտրել եմ պատմության ու քաղաքական վերլուծության արահետը։ Եվ եթե խոսում ենք Հայաստանի մասին, ապա այն իմ կողմից ամենաշատն այցելվող երկիրն է աշխարհում, և սա փորձի ու կրթության համակցությամբ ինձ թույլ է տալիս դատել այնտեղ տեղի ունեցող գործընթացների մասին։
Եվ երկրորդ՝ եթե ես գրում եմ այն մասին, որ նոր իշխանությունը տուրք է տալիս պոպուլիզմին, ինչպես նաև հակված է ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելուն, դա ինձ չի դարձնում հին իշխանության երկրպագուն։
Եթե ես գրում եմ, որ մինչ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և ձերբակալությունը հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ նախկին նախագահների նկատմամբ նման բան չէր եղել, դա ավելին չէ, քան փաստի հիշատակություն։ Սրա հետ վիճելն առնվազն տարօրինակ է։
Հիանա՞մ դրանով, թե՞ դա որպես բարդ խնդիր ենթադրեմ, թույլ տվեք, որ ես որոշեմ, լա՞վ։ Ազդել Հայաստանում, Վրաստանում, Չինաստանում ընթացող գործընթացների վրա՝ ես չեմ պատրաստվում, քանի որ քաղաքական գործիչ չեմ։ Դոլար էլ չեմ, որ բոլորին դուր գամ։ Թե չէ գրում են. «Ես այլևս Ձեզ չեմ կարդալու»։ Դե ի՞նչ ասեմ, մի կարդացեք, կամքը ձերն է։ Ավելի սուր խնդիրներ էլ եմ հաղթահարել, ինչ-որ կերպ սրանից էլ գլուխ կհանեմ։
Եվ վերջինը՝
Ժողովուրդը պետք է որոշի։ Ես այսօր չգիտեմ երկիր, ուր իրական քաղաքական որոշումները կկայացներ փողոցի կամ հրապարակի հանրությունը։ Ազդել՝ այո, իշխանափոխություն անել՝ այո, բողոքել՝ այո, բայց չապահովել պետական կառավարման համակարգի կայուն աշխատանքը։
Բայց նույնիսկ դա չէ գլխավորը։ Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի գլխիվայր քայլել կամ դեպի Լուսին թռչել։ Սա ես բացարձակապես կասկածի տակ չեմ դնում։ Կարելի է նույնիսկ հասնել կարմիր լույսի տակ փողոցն անցնելու իրավունքի սահմանադրական ամրագրմանը։ Հարց չկա։ Ոչնչի վրա այս համեստ դոցենտն ազդել չի կարող, չի ուզում ու չի անի։ Բայց փորձել բացատրել, թե ինչով է սա հղի, ոչ թե կարող է, այլ պարտավոր է, այլապես նա պարզապես կդադարի պրոֆեսիոնալ լինել»։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը