Ադրբեջանում խաղարկվել են երկաթուղով ռազմական անձնակազմ և տեխնիկա փոխադրելու, պաշտպանական շրջաններ գրավելու դրվագներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ երկրի բանակի Ցամաքային զորքերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել, որին ներգրավված են «Կոմանդո» հատուկ նշանակության, մոտոհրաձգային, մեքենայացված և հրետանային ստորաբաժանումները, ինչպես նաև` մատակարարման հատվածը։

Տակտիկական ռազմական միջոցառման ընթացքում կատարվել են զորքերը մարտական պատրաստվածության բերելու, անձնակազմը և տեխնիկան երկաթուղով փոխադրելու, ավտոմոբիլային ճանապարհներով զորամասերը մեծ հեռավորություններ տեղափոխելու առաջադրանքներ, այդ թվում՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում:
Բացի այս, խաղարկվել են նաև օպերատիվ և մարտական շրջանների, պաշտպանական գծերի գրավման դրվագներ:
Ավելին, զորավարժանքի ընթացքում, հաշվի առնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի փորձը և աշխարհում վերջին զինված կոնֆլիկտները, համալիր կիրառվել են նաև ժամանակակից անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ և բարձր ճշգրտության սպառազինության համակարգեր։

Օրեր առաջ էլ, ինչպես հայտնել ենք, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական թռիչքներ, որի ժամանակ Ադրբեջանը կործանիչ և գրոհիչներ է օդ հանել, թիրախների հայտնաբերման և խոցման կարողություններ են ստուգվել:
Այսինքն, Հայաստանի հետ խաղաղության օրակարգը և, առհասարակ, տարածաշրջանում խաղաղության ձգտումը կամ պատերազմներ չլինելու ցանկությունը չի փոխում Ալիևի պլանները, երբ խոսքը վերաբերում է իր երկրի զինված ուժերի մարտական կարողություններին: Սա ևս մեկ անգամ հաստատում է հայտնի պնդումը՝ եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի:

