ԱՄՆ-ը Չինաստանին թույլ չի տա զավթել Պանամայի ջրանցքը. Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Դակոտայում Թեոդոր Ռուզվելտի նախագահական գրադարանի բացման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ բարձր է գնահատում նրա դերը պատմության մեջ, մասնավորապես՝ Պանամայի ջրանցքի շինարարության ավարտը, հաղորդում է NBC News-ը։
Թրամփը նշել է, որ Չինաստանը փորձում է վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի նկատմամբ, և հավելել է, որ ԱՄՆ-ը «թույլ չի տա, որ դա տեղի ունենա»։
«Իսկ հիմա Չինաստանը փորձում է զավթել Պանամայի ջրանցքը, և մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Դե լավ, դա սցենարի մաս չէր կազմում, որովհետև ես իրականում սցենար չունեմ»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ նոր գրադարանում «զրուցել է» Թեոդոր Ռուզվելտի կերպարով պատրաստված արհեստական բանականությամբ ստեղծված հոլոգրամի հետ։
Թրամփն իր վերընտրվելուց հետո նախկինում ևս բազմիցս բարձրացրել է Պանամայի ջրանցքի թեման՝ ներառյալ հայտարարությունները դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով ուժի հնարավոր կիրառման մասին։
Ելույթի ընթացքում նա անդրադարձել է նաև Իրանում և Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողությունների թեմաներին՝ դրանք համադրելով Պանամայի ջրանցքի պատմության հետ։

