Պենտագոնում դժգոհում են Հեգսեթի կամայականություններից․ Daily Mail
Պենտագոնի պաշտոնյաները դժգոհել են գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթի գործողություններից՝ նշելով, որ նա կոտրում է աշխատակիցների մարտական ոգին, քանի որ հրաժարվում է լսել նրանց կարծիքը։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է Daily Mail թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ Պենտագոնում աշխատանքային տրամադրվածությունն ու ոգին անկում են ապրել՝ հասնելով ամենացածր մակարդակին։ Որպես պատճառ նշվում է նախարարի շփման ոճը․ իր վարած քաղաքականության վերաբերյալ ցանկացած քննադատության նա ստորադասներին պատասխանում է «որովհետև ես այդպես եմ ասել» արտահայտությամբ։ Բացի այդ, աղբյուրները մատնանշում են, որ առանց պատճառաբանության իրար հաջորդող աշխատանքից ազատումները դեմորալիզացրել են գերատեսչության ապարատը և խառնաշփոթ առաջացրել զինծառայողների աշխատանքում։
«Նա թույլ է տալիս, որ քաղաքականությունն ու սեփական էգոն ձևավորեն իր որոշումները։ Փիթի պարագայում ամեն ինչ միշտ հանգում է «որովհետև ես այդպես եմ ասել»-ին․ ոչ մի ներգրավվածություն, ոչ մի «եկեք քննարկենք սա»։ Ամեն ինչ լինելու է միայն այնպես, ինչպես ինքն է որոշել, քանի որ ինքն այդպես է ասել»,- հրատարակությանը պատմել է անանուն պաշտոնյան։
Թերթի զրուցակիցները կարծում են, որ ամերիկացի նախարարը «ստեղծել է իր սեփական այլընտրանքային իրականությունը»։ Գերատեսչության մեկ այլ աշխատակից ընդգծել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների զանգվածային հրաժարականներն առանց տեսանելի պատճառների ապակայունացրել են հարյուր հազարավոր ստորադասների աշխատանքը։
Որպես օրինակ է բերվում ամերիկյան գեներալ Քրիստոֆեր Դոնահյուի պաշտոնանկությունը, ով գլխավորում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերը։ Աղբյուրներից մեկը նրա հեռացումն անվանել է «գոտկատեղից ներքև հասցված հարված»։

