Հուլիսի կեսերին ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում կլինի. Պետրոսյան
Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ցավոք, պիտի նշեմ, որ շատ վատթար և խեղված էներգահամակարգ ենք ժառանգել, և մի կերպ ենք սպասարկումն իրականացնում, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն և էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակիորեն բարելավենք»,–ասաց նա։
Պետրոսյանի խոսքով` ՀԷՑ–ի պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի, թե ով է ներդրումներ կատարելու, վերամասնավորեցման դեպքում դա կանի մասնավորը, պետականացված մնալու դեպքում` պետությունը, գուցե կոնցենսիոն կառավարման տրվի, այդ դեպքում ներդրումներ կկատարի կոնցեսորը։

