Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների՝ արտաքին քաղաքական կորպուսի թարմացման համար
Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը հայտարարել է հունգարական դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների հետկանչման մասին՝ դիվանագիտական կորպուսի լայնածավալ թարմացման շրջանակում։ Դրա մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում տեղադրված տեսաուղերձում։
Ըստ նախարարի՝ որոշումների մի մասը կապված է դիվանագետների լիազորությունների ժամկետի ավարտի հետ, սակայն մի շարք դեպքերում խոսքն արտաքին քաղաքականության նկատմամբ նոր մոտեցման ձևավորման մասին է։ Նա ընդգծել է, որ Հունգարիային անհրաժեշտ են դեսպաններ, որոնք կկարողանան «արդյունավետ և հեղինակավոր կերպով ներկայացնել երկրի շահերը»՝ թարմացված առաջնահերթություններին համապատասխան։
Օրբանը հայտարարել է, որ կադրային փոփոխությունները դիվանագիտական ծառայության մասնագիտական թարմացման ավելի լայն գործընթացի մաս են կազմում։ Արտաքին գործերի նախարարությունում, ըստ նրա, ստեղծվել է նոր պետական քարտուղարություն, որը կզբաղվի կադրային ռազմավարությամբ և դիվանագետների պատրաստմամբ։
Միաժամանակ, նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրներին են առնչվում վերոնշյալ փոփոխությունները։ Telex-ի տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իրաքում, Կոլումբիայում, Ալժիրում, Հարավաֆրիկյան Հանրապետություն ում և Նոր Զելանդիայում աշխատող դեսպաններին։ Նշվում է, որ Կոլումբիայում Հունգարիայի դիվանագիտական առաքելությունը գլխավորում է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի ազգական Ժոֆիա Վիտեզին։
Ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները, դեռևս անորոշ է մնում որոշման իրականացման մեխանիզմը, քանի որ դեսպանների հետկանչը ձևականորեն պատկանում է երկրի նախագահի իրավասությանը։

