Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին
ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունը (ԱԴԾ) և Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդել են Դաղստանում 17-ամյա դեռահասի ձերբակալման և կալանավորման մասին. նա այն ինտերնետ-համայնքի ադմինիստրատորն է, որի անդամները կասկածվում են Ռուսաստանում դպրոցների վրա հարձակումների, ավտոմեքենաների հրկիզման կազմակերպման և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչությունների մասին կեղծ հաղորդագրությունների տարածման համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը, Ռուսաստանի ՆԳ նախարարության և Ռուսաստանի Քննչական կոմիտեի հետ համատեղ, Դաղստանի Հանրապետությունում ձերբակալել է ՌԴ անչափահաս քաղաքացու, որը Ռուսաստանի տարածքում ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների կողմնակիցների խոշորագույն միջազգային ցանցային համայնքի ստեղծողն ու ադմինիստրատորն է», – հաղորդել է ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գրասենյակը 17-ամյա դեռահասին մեղադրանք է առաջադրել դպրոցականների սպանությունների իրականացում նախապատրաստելու գործով։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածի գործունեությունը «համակարգվել է Ուկրաինայի հետախուզական ծառայությունների կողմից և ուղղված է եղել ռուսաստանցի դեռահասների հավաքագրմանը՝ կրթական հաստատությունների վրա զինված հարձակումներ, փոխադրամիջոցների վրա ահաբեկչություններ կատարելու և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների կեղծ ականապատումների սպառնալիքների համար»։
«ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների տարածքում ահաբեկչական ակտիվությունը համակարգվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալների կողմից։ Տեսագրությունները, լուսանկարները և տեքստերը ամերիկացի և եվրոպացի արմատականների հավաքագրման համար և խմբի ռեսուրսները սոցիալական ցանցերի ու մեսենջերների արտասահմանյան հավելվածներում տարածելու համար պատրաստվել են Կիևում», – հայտարարել է ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«2026 թվականի հունվարին մեր անդամներից մեկը հինգ հրկիզում է իրականացրել ԱՄՆ Տեխասի նահանգի Ֆորթվուդ քաղաքում։ Նույն ամսին մենք անցկացրել ենք Տեխասի նահանգի բոլոր դպրոցների տարհանում, ստույգ՝ 14 դպրոց», – ձերբակալվածն ասել է ԱԴԾ-ի կողմից տարածված տեսանյութում։
Նա հավելել է, որ իրենք մասնակից են եղել Գերմանիայում երկու և Իտալիայում երկու հրկիզումների։
«Մեր կազմակերպության գործողություններն են եղել «Կոլումբայն» շարժման (խմբ.՝ ՌԴ-ում համարվում է ահաբեկչական և արգելված է) քարոզչությունը և զանգվածային սպանությունների իրականացումը», – ասել է ձերբակալվածը։
ԱԴԾ-ում հայտնել են, որ դեռահասի կողմից կառավարվող ինտերնետ-խմբերի լսարանը գերազանցում է 200 000-ը, որոնցից մոտավորապես 5000-ն ակտիվ մասնակիցներ են։
«Գործողության հաջող անցկացման արդյունքում բացահայտվել են ձերբակալվածի հանցակիցները Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից։ Նրանց հանցավոր գործունեության բոլոր դրվագները փաստաթղթավորվում են», – հայտնել է Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

