Հայաստանյան ընտրություններ-2026. ճնշման տեխնոլոգիաներ, վստահության ճգնաժամ և արտաքին ազդեցության գործոն 

Ընտրությունների շուրջ վեճերը չեն ավարտվի ԿԸՀ ամփոփիչ արձանագրության հրապարակմամբ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը, ընդդիմադիր ուժերի դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով և դատական ատյաններ, ինչպես նաև արդյունքների լեգիտիմության շուրջ շարունակվող վեճերն անհրաժեշտ են դարձնում ոչ միայն ամփոփիչ թվերի, այլև ընտրությունների անցկացման բուն մոդելի ավելի խորը վերլուծությունը:

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 49,7-49,8 տոկոսը՝ պահպանելով կառավարության ձևավորման հնարավորությունը: Խորհրդարան են անցել նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը:

Ընդդիմությունը հայտարարել է բազմաթիվ խախտումների մասին և արդյունքների բողոքարկման ընթացակարգ  սկսել։ Միջազգային դիտորդներն իրենց հերթին՝ ընդունել են քաղաքական մրցակցության առկայությունը, սակայն միաժամանակ մատնանշել են քարոզարշավի վարման պայմանների հավասարության, ագրեսիվ հռետորաբանության և խախտումների վերաբերյալ բազմաթիվ բողոքների հետ կապված խնդիրները:

Կարդացեք նաև

Սակայն գլխավոր հարցը միայն այն չէ, թե կոնկրետ տեղամասերում առանձին խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե դեռ քվեարկության օրվանից առաջ ինչ քաղաքական տեխնոլոգիաներ են օգտագործվել իշխանության համար անհրաժեշտ արդյունք ձևավորելու համար։

Ժամանակակից ընտրությունները հազվադեպ են շահում բացառապես քվեարկության օրը։ Այսպես թե այնպես, դրանց արդյունքը ձևավորվում է ընտրատեղամասերի բացումից շատ առաջ։ Այդ իսկ պատճառով իշխանության առանցքային գործիք է դարձել ոչ այնքան ընտրական հանձնաժողովների հետ աշխատանքը, որքան քաղաքական պայքարի ասիմետրիկ պայմանների ստեղծումը։

Առաջին տեխնոլոգիան ընդդիմադիր դաշտի մասնատման ռազմավարությունն էր։  Ընտրություններին մասնակցում էին մեծ թվով կուսակցություններ և դաշինքներ, որոնց զգալի մասն աշխատում էր միևնույն բողոքական ընտրազանգվածի հետ, որոնց մեջ կային նաև իշխանամետ սփոյլերներ։ Արդյունքում՝ իշխանությունից դժգոհ քաղաքացիների ձայները փոշիացվեցին բազմաթիվ քաղաքական նախագծերի միջև։ Այս իրավիճակն օբյեկտիվորեն ուժեղացնում էր գործող իշխանության դիրքերը, քանի որ յուրաքանչյուր նոր ընդդիմադիր ուժ ձայներ էր խլում ոչ թե կառավարությունից, այլ ընդդիմադիր մյուս խաղացողներից։

Երկրորդ տեխնոլոգիան վարչական ռեսուրսի օգտագործումն էր։ Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ մեղադրանքներ են հնչել պետական կառույցների հասցեին՝ բյուջետային ոլորտը և չինովնիկական աշխատակազմը նախընտրական գործունեության մեջ ներգրավելու վերաբերյալ: Ընդդիմադիր ուժերը նաև հայտարարել են իրենց կողմնակիցների և թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին։

Երրորդ կարևոր տարրը տեղեկատվական ասիմետրիան էր։ Իշխող թիմը փաստացի քարոզարշավ էր կառուցում կայունության և անվտանգության թեզի, ինչպես նաև այն մասին, որ ընդդիմադիր ուժերը պատերազմի կուսակցություններ են, մինչդեռ ընդդիմությունը ստիպված էր պայքարել այդ մեղադրանքների դեմ, ինչի արդյունքում լղոզվում էր նրանց այլընտրանքային օրակարգն ամենակարևոր էքզիստենցիալ հարցերի շուրջ։ Արդյունքում՝ ընտրողների զգալի մասը քվեարկեց ոչ այնքան գործող իշխանության օգտին, որքան անորոշության և քաղաքական քաոսի դեմ։

Առանձին ուշադրության է արժանի միջազգային գործոնը։ Հայաստանի ընտրությունները փաստացի դարձել են Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև ավելի լայն աշխարհաքաղաքական դիմակայության մաս: Վերջին տարիների իրադարձություններից հետո Հայաստանը վերածվել է Հարավային Կովկասում ազդեցության համար պայքարի առանցքային ուղղություններից մեկի։

Արևմտյան պետությունների կողմից հայկական ղեկավարության աջակցությունը նկատելի էր քվեարկության օրվանից շատ առաջ։ Եվրոպական կառույցներն ու արևմտյան քաղաքական գործիչները հետևողականորեն ցուցաբերել են հենց ներկա իշխանության հետ համագործակցելու պատրաստակամություն։ Երևանի և Մոսկվայի բարդ հարաբերությունների խորապատկերին դա անխուսափելիորեն ընկալվում էր՝ որպես քաղաքական ազդակ։ Ընտրություններից հետո եվրոպական կառույցներն անմիջապես փաստացի ողջունեցին Հայաստանի ներկայիս կուրսի պահպանումը։

Ընդ որում, արևմտյան ազդեցությունը դրսևորվում է ոչ միայն պաշտոնական դիվանագիտության միջոցով։ Խոսքը դրամաշնորհային ծրագրերի, փորձագիտական կենտրոնների, մեդիա նախագծերի, կրթական նախաձեռնությունների և ոչ կառավարական հատվածի միջոցով երկարաժամկետ աշխատանքի մասին է։

Նման ռազմավարությունը թույլ է տալիս աստիճանաբար ձևավորել բարենպաստ քաղաքական միջավայր որոշակի արտաքին քաղաքական կուրսի համար։ Մասնավորապես, բրիտանական խորհրդատվական գործակալությունները ծառայություններ են մատուցում Հայաստանի վարչապետի աշխատակազմին և ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտին՝ Մանվել Քեշիշյանի ղեկավարությամբ, որը USAID գործակալության կառույցներից է:

2023 թվականին այն աջակցել է Հայաստանում «հայկական լրատվամիջոցներում կիրառվող կարծրատիպերը» (Stereotypes Applied In the Armenian Media) հետազոտության անցկացմանը, որն ուղղված է Հայաստանի մասին «բացասական կարծրատիպերի» և դրանց տարածման աղբյուրների բացահայտմանը։ Սպասվում էր՝ զեկույցի հեղինակները պարզել են, որ ամենամեծ թվով բացասական մեկնաբանություններ են արվել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների վերաբերյալ՝ հողերի կորստի և ազգային շահերի հանձնման տեսքով։ Առավելապես նման թեզերն օգտագործում է հայկական ընդդիմությունը, որն ավտոմատ կերպով արձանագրվում է՝ որպես ռուսամետ։

Զեկույցի պատրաստմանը մասնակցել են երեք կառույցներ՝ Երևանի մամուլի ակումբը, Media Initiatives Center-ը և Zinc Networkը, որը բրիտանական խորհրդատվական գործակալություն է, որը կենտրոնանում է մեդիա արշավների անցկացման և քաղաքականապես կողմնակալ պատմությունների տարածման վրա:

Վերջին տարիներին Zinc Network-ը լայն ճանաչում է ձեռք բերել ուկրաինական հակամարտության հետ կապված՝ որպես Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքի (Ուկրաինա, Մոլդովա, Սլովակիա) քաղաքական կյանքում արևմտյան միջամտության գործիք։

2023 թվականի մարտին «USAID-Արմենիան» 15 միլիոն դոլարի համաձայնագիր է ստորագրել Internews Network կազմակերպության հետ՝ Media Program in Armenia նախագծի իրականացման վերաբերյալ, Zinc Network-ի մասնակցությամբ և ԶԼՄ-ների զարգացման գծով տեղական ՀԿ-ների՝ վերոհիշյալ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ու Երևանի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով «ամրապնդել տեղեկատվական տարածքը Հայաստանում՝ լրագրողական չափանիշների և բովանդակության որակի բարձրացման, հանրային հետաքրքրություն ներկայացնող զանգվածային լրատվամիջոցների մրցունակության ու ֆինանսական կենսունակության մեծացման, ինչպես նաև ստեղծելով բարենպաստ միջավայր անկախ տեղեկատվական հոսքի համար»:

Հայաստանում Zink Media-ի գործունեության ուղղություններն ինքնին խոսում են իրենց մասին՝ ներառելով մեդիամոնիտորինգը և սպառնալիքների հետևումը, մեդիաշուկայի վերլուծությունն ու տեղեկատվական միտումների և սովորությունների բացահայտումը, աջակցությունն անկախ լրագրությանը, հետախուզությունը բաց աղբյուրների հիման վրա (Open Source Intelligence, OSINT), ինչպես նաև կառավարական կառույցների խորհրդատվությունը ռազմավարական հաղորդակցությունների կառուցման վերաբերյալ:

Zink Network-ը համագործակցում է՝ ինչպես հանրապետական, այնպես էլ՝ Սյունիքի, Շիրակի և Լոռու տարածաշրջանային լրատվամիջոցների հետ: Նրա գործընկերներն են հանդիսանում «փաստերի ստուգման» FIP.am հարթակը, Hetq հետաքննական պարբերականը և դրա սեփականատեր «Հետաքննող լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն, սոցիալ-տնտեսական հարցերի Prisma LLC վերլուծական կենտրոնը:

Փաստացիորեն, տարիներ շարունակ բրիտանացիները Հայաստանում կառուցել են սեփական մեդիա ենթակառուցվածքը, որը կատարում է իշխող կուսակցության առաջմղման և ընդդիմության վարկաբեկման առաջադրանքները, որն էլ կեղծորեն պիտակավորվում է՝ որպես «ռուսական ազդեցության կրող»: «Քաղաքացիական պայմանագրի» PR-ն ուղեկցվում է հայկական զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի ազգային սեգմենտի վերաձևավորմամբ՝ Ռուսաստանի հետ երկարատև հակամարտության համար:

Այսպիսով, 2026 թվականի ընտրությունները կարելի է դիտարկել ոչ միայն՝ որպես ներքին քաղաքական արշավ, այլ նաև՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վերափոխման ավելի մեծ գործընթացի մաս:

Պարադոքսն այն է, որ չնայած իշխանության հաղթանակին, արդյունքները վկայում են նաև հասարակական լուրջ պառակտման առկայության մասին։ Ստանալով ձայների մոտ կեսից պակաս՝ իշխող կուսակցությունը պահպանեց իշխանությունը, բայց միաժամանակ 2021 թվականի ընտրությունների համեմատ աջակցության նվազում ցույց տվեց հենց ստացված տոկոսների մասով։ Հասարակության զգալի մասը շարունակում է դժգոհ մնալ երկրի ներկայիս ընթացքից։

Դատական գործընթացներն ու ընդդիմության կողմից արդյունքները վիճարկելու փորձերը դժվար թե հանգեցնեն քվեարկության արդյունքների չեղարկմանը։ Սակայն դրանք կարևոր քաղաքական դերակատարություն կունենան, քանի որ կպահպանեն ընտրությունների լեգիտիմության թեման հանրային օրակարգում և թույլ չեն տա իշխանություններին արագ փակել ընտրական գործընթացի որակի հարցը։

2026 թվականի ընտրությունների հիմնական արդյունքն այն չէ, թե ով է ավելի շատ ձայներ ստացել։ Գլխավոր արդյունքն այն է, որ Հայաստանը թևակոխում է քաղաքական նոր շրջափուլ՝ հասարակական բևեռացման բարձր մակարդակով, թուլացած և մասնատված ընդդիմությամբ, բայց միևնույն ժամանակ՝ իշխանության հետ, որը ստացավ ձևական մանդատ՝ չկարողանալով իր շուրջ համախմբել հասարակության բացարձակ մեծամասնությանը։

Այդ իսկ պատճառով ընտրությունների շուրջ վեճերը չեն ավարտվի ԿԸՀ ամփոփիչ արձանագրության հրապարակմամբ, ինչպես դա բազմիցս եղել է երկրի նորագույն պատմության մեջ։ Դրանք կդառնան առաջիկա տարիների քաղաքական իրականության մի մասը և ուղղակիորեն կազդեն՝ ինչպես երկրի ներքին կայունության, այնպես էլ՝ նրա արտաքին քաղաքական կուրսի վրա։

Արթուր Պետրոսյան

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930