Գերմանիայի կանցլերը Կիևի վրա Ռուսաստանի գիշերային հարվածն «անխոհեմ էսկալացիա» է անվանել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնաբանել է Ռուսաստանի՝ Կիևի դեմ գիշերն իրականացված զանգվածային հարվածը՝ այն անվանելով «անխոհեմ էսկալացիա»։
«Հոգեգալստյան տոնին նախորդող գիշերը Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին։ Այս ընթացքում կրկին կիրառվել է «Օրեշնիկ» հրթիռային համալիրը։ Դաշնային կառավարությունը կտրուկ դատապարտում է այս անխոհեմ էսկալացիան։ Գերմանիան շարունակում է ամուր կանգնել Ուկրաինայի կողքին», – գրել է Մերցը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Ուկրաինան հայտնել էր, որ ՌԴ զինված ուժերը գիշերը հզոր զանգվածային հարված են հասցրել ամբողջ մայրաքաղաքին՝ կիրառելով միջին հեռահարության ՌՍ-26 «Ռուբեժ» («Օրեշնիկ») բալիստիկ հրթիռներ։
Ուկրաինան հայտնել է բազմաթիվ օբյեկտների վնասման մասին, այդ թվում՝ շուկայի, առևտրաժամանցային կենտրոնի, մետրոյի կայարանի և այլնի։
Ալբանիան հայտնել է, որ հարվածների հետևանքով վնասվել է երկրի դեսպանի նստավայրը, իսկ Բաքվում հայտարարել են Ադրբեջանի դեսպանատան վնասման մասին։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ «հատուցման» հարվածներ են հասցվել նաև «Իսկանդեր», «Կինժալ» և «Ցիրկոն» հրթիռներով՝ Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտների, ավիաբազաների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ուղղությամբ։ Գերատեսչությունում հայտնել են, որ բոլոր նշանակված օբյեկտները խոցվել են։
ՌԴ պաշտպանության նախարարությունում հավելել են, որ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների նկատմամբ որևէ հարված չի պլանավորվել և չի իրականացվել։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի կոշտ պատասխանը պայմանավորված է եղել Լուգանսկում քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածով։
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով, Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքում քոլեջի հանրակացարանի վրա հարվածի հետևանքով զոհվել է 21 ուսանող։
ՏԱՍՍ-ի տվյալներով, մոտ 50 օտարերկրյա լրագրող դիտարկում է ավերածությունները Ստարոբելսկի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո։



