Վիճակը կրիտիկական արդեն վատացել է, զորքի տեղակայման վայրերը, դիրքերը դիտարկվում են. Հայկ Սարգսյան
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տարի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի կողմից «բանակից փողով ազատվելու» մասին օրինագիծը:
Սարգսյանի կարծիքով՝ ամեն տարի հազարավոր երիտասարդներ բանակից փորձում են խուսափել տարբեր ստվերային սխեմաներով՝ օգտագործելով իրենց ֆինանսական հնարավորությունները։ Այնինչ օրենքը թույլ կտար այդ ֆինանսական միջոցները ներգրավել ծառայության պայմանների բարելավման և նոր պայմանագրային զինծառայողներին բանակ ներգրավելու համար, որը շարունակում է բախվել անձնակազմի պակասի հետ:
Նախագծի քննարկումը նիստի վերջում որոշակի լարվածություն առաջացրեց Հայկ Սարգսյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Վերջինս իշխող ուժի մյուս անդամների հետ դեմ արտահայտվեց նախագծին՝ այն մտավախությամբ, թե դա կարող է հակառակ արդյունքը տալ՝ ավելի շատ մարդիկ կսկսեն արդեն օրինական ճանապարհով խուսափել ծառայությունից։
Նիստի ավարտին նախագծի հեղինակը Քոչարյանին և նրա հետ համակարծիք հանձնաժողավականներին մեղադրեց, թե «թշնամուն անվճար օգնում են 30 տոկոսով կրճատել բանակի թիվը»։
«Մինչև վերջ էլ պնդելու եմ՝ թշնամին պետք է միլիարդներ ծախսեր, որ մեր զորքը 30 տոկոսով պակասեր, դուք դա անվճար եք արել»,- ասաց Սարգսյանը։



