Մեզ իշխանափոխություն է պետք, ոչ թե մի քանի մանդատի հեռանկարը. Սերժ Սարգսյանի առաջարկները՝ ընդդիմությանը
«Մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Անցած տարիները ի լրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը:
Եվ վստահեցնում եմ ձեզ և մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը»,- ՀՀԿ համագումարում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը՝ «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով:
Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն՝ համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։



