«Պատերազմը դարձրել են ընտրությունների գլխավոր գործոն, սպառնալիքով շանտաժ են անում ժողովրդին». Արման Թաթոյան

Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ 168.am նրանից հետաքրքրվեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ին մեծ թվով ձայներ չտան, պատերազմ է լինելու, այդտեղ արդյո՞ք իրավապահ համակարգն անելիք չունի։

Ի պատասխան՝ Արման Թաթոյանն ասաց՝ այստեղ իրավապահ մարմինները ցանկացած պարագայում անելիք ունեն և պետք է ուսումնասիրության ենթարկեն։

«Երբ նա իրեն դիրքավորում է՝ որպես իրավապահ մարմինների գործառութային ղեկավար, այդպես չէ, նա նրանց ղեկավարը չէ։ Կարծում եմ՝ իրավապահ մարմիններն այս ամենը պետք է ուսումնասիրության ենթարկեն։ Դրանք պետական շահերին հակասող հայտարարություններ ու գործողություններ են, ավելին՝ Ադրբեջանի հնարավոր նպատակների՝ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում, սրանք նրան միայն օգնելու են»,- նշեց Արման Թաթոյանը։

Պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ է նշանակելու Հայաստանի համար նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրից հրաժարումը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, Արման Թաթոյանը պատասխանեց՝ այստեղ Նիկոլ Փաշինյանը թակարդի մեջ է դնում հայ հասարակությանը, երբ այդ հարցը բերում է  օրակարգ, ավելին՝ այս ամենը բացառապես Ալիևի պահանջն է և որևէ միջազգային հիմք չունի։

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանը հանձն է առել դա անելու՝ լինելով Ալիևի կամակատարը կամ, ինչպես ասացի՝ «տասովշիկը»։

Պատկերացրեք, եթե Սահմանադրությունը դրվում է հանրաքվեի, և մեր ժողովուրդը քվեարկում է հանրաքվեի օգտին, որովհետև Նիկոլ Փաշինյանն աղերսում, լաց ու կոծ է դնում, սպառնում է, այսինքն՝ մի ձևով ընդունվի։ Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը մերժում է, և Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, Ալիևն էլ, որ մեծ հավանականությամբ ժողովուրդը մերժելու է այդ հանրաքվեն, նշանակում է, որ իրենք բոլորը խաղաղություն էին ուզում, մեր ժողովուրդը՝ պատերազմ։ Դրանով մեր ժողովրդից դարձնելու են պատերազմ ուզող ժողովուրդ, առանց այդ էլ՝ ամբողջ օրը քարոզ են տանում, որ մենք «բարբարոսներ ենք, չգիտենք խաղաղ ապրելու ձևերը» և այլն»,- շեշտեց նա։

Շարունակելով, Արման Թաթոյանը հավելեց՝ իրենց կառավարման ժամանակ երբեք օտար պետության կողմից Սահմանադրությունը փոխելու հարց չի դրվելու, բացառվում է, քանի որ դա երկրի ինքնիշխանության, անկախության կարևորագույն ցուցիչն է։

«Մեր Անկախության հռչակագիրը ոչ մի կապ չունի իրենց հորինած տարածքային պահանջ լինել-չլինելու հետ, այն պարզապես ամրագրում է հայ ժողովրդի, մեր սերունդների, պապերի դարավոր իղձերի արտահայտումը։

Պատերազմը բերել ու դարձրել են մեր երկրի ներքին ընտրություններում գլխավոր գործոն, պատերազմի սպառնալիքով շանտաժ են անում մեր ժողովրդին»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031