Ձեր հետագա մասնակցությունը գործընթացներում պատերազմի հեռանկար է ուրվագծում․Աբրահամյանը՝ իշխանությանը

«Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պատերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է»,-այսօր Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարությունների ժամիան ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունն ի սկզբանե առաջնորդվում է ոչ թե խաղաղության երաշխիքների առկայության, այլ հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով: Իշխող ռեժիմն իր երկարակեցության ապահովման հիմքում դնում է իր՝ ամեն գնով՝ զիջումներով, պարտությամբ և հպատակությամբ, թվացյալ՝ կարճաժամկետ, խաղաղություն ապահովելու սկզբունքը: Սակայն հանրային ցուցիչի և պրագմատիկ մոտեցման տեսանկյունից, քաղաքական ուժը, որի պաշտոնավարման օրոք երկիրը 5-6 անգամ ագրեսիայի և հարձակումների է ենթարկվել, ակնհայտորեն խաղաղություն բերողի ռեպուտացիա չի կարող ունենալ:

Երկրորդ, իշխանության պնդումը, թե իրենց՝ պետության ղեկին չմնալու պարագայում երկիրը պատերազմի հորձանուտ կմտնի, ևս մեկ հիմնավորումն է առ այն, որ սահմանին առկա ստատուս քվոն ոչ այնքան խաղաղություն է, որքան չկառավարվող հրադադար:

Երրորդ, Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները վերջին 5 տարվա ընթացքում կայուն աճել են և չկա որևէ երաշխիք, որ դրանք ընտրություններից հետո՝ գործողների վերարտադրման պարագայում, չեն ավելանա, ինչը կամ նոր զիջումների կբերի կամ նոր պատերազմի:

Կարդացեք նաև

Չորրորդ, պատերազմում հաջողություն ունենալու հարցում ի սկզբանե տապալված են այն երկրները, որտեղ հասարակության շրջանում խորը բաժանարար գծեր կան, տարբեր խմբերի միջև թշնամություն և ատելություն է սերմանված, իսկ կառավարող ռեժիմը այն սնուցում է և օգտագործում ներքաղաքական շահերի ապահովման համար»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրական խաղաղության բանաձևը պետական շահերն ապահովող, անվտանգության և դիվանագիտությամբ անհրաժեշտ մեխանիզմների ներդրումն է, որի ճկունությունը մի կողմից փոխզիջում է ենթադրում, մյուս կողմից՝ ապահովում անհրաժեշտ անվտանգության բարձիկները:

«Ժողովուրդը հոգնել է ձեր սին խոստումներից, անընդհատ լարվածության տանող ու հոգեբանական բռնություն ենթադրող վարքագծից և իրական խաղաղություն է փնտրում: Մեր հասարակություն հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող դժբախտություններից և ստի անսահման չափաբաժնից: Ի վերջո հանրությունը հոգնել է ձեզանից և ձեր հետագա հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներում նոր ձախողումների, կորուստների, զիջումների և պատերազմի հեռանկար է ուրվագծում»,-եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031