«ՔՊ-ի համար մեկ է՝ Ադրբեջանը կխառնվի՞ Հայաստանի ներքին գործերին, թե՞ չէ. ձեռնպահ են». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քիչ առաջ կարճ տեսաուղերձ է հրապարակել Բրյուսելից, որտեղ արդեն ավարտվել է Հայաստանի խորհրդարանի և Եվրոպայի խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն։

«Այս հայտարարության հետ կապված մի քանի տեղեկացում ունեմ ձեզ, որովհետև քարոզչամեքենան հաստատ դրա մասին չի խոսի։

Ես ներկայացրել էի շուրջ 6 առաջարկ այդ հայտարարությանը, որի մեծամասնությունն իհարկե չընդունվեց, բայց էական է 2-ի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը։ Առաջարկներից մեկը՝ կոչ անել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ ՀՀ ներքին հարցերի վերաբերյալ հայտարարություններ անելուց, դա վերաբերվում էր Սահմանադրության փոփոխությանը և այլն։ ՔՊ պատգամավորները սրան ձեռնպահ քվեարկեցին, իրենց համար մեկ է՝ Ադրբեջանը կարծիք կհայտնի՞ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, թե՞ չէ»,- իր տեսաուղերձում նշեց Հայկ Մամիջանյանը։

Շարունակելով՝ ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ արդեն որերրորդ անգամ ՔՊ պատգամավորները դեմ են քվեարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկը հայտարարության մեջ ներառելու նախաձեռնությանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում, այսպես ասած՝ Հայոց ցեղասպանության հարցի պահպանմանը։

Կարդացեք նաև

«Պարզվում է՝ դրան ՔՊ-ն դեմ է, չնայած չի պարզվում, մենք դա վաղուց գիտեինք, բայց արդեն որերրորդ անգամ հաստատվեց քվեարկությամբ։

Մեկ կարևոր կետ էլ կա, որ կցանկանայի իմանաք. վստահ եմ, հայտարարությունն առաջիկայում կհրապարակվի թարգմանված տեքստով, ներառում է մեկ կետ, որտեղ Եվրոպական Միությունը նշում է, որ հաշվի է առել՝ Հայաստանում առկա են կարծիքներ, որ ՀՀ-ում  օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ, կոչ է անում ժողովրդավարության ֆունդամենտալ իրավունքները պահպանել և այլն։

Բայց սա՝ համեմատած նախորդ մերժողականությանը, որ փորձում էին ներկայացնել, թե իբր Հայաստանում ոչ մի խնդիր չկա ժողովրդավարության տեսանկյունից, հիմա գոնե ասում են, որ նկատում են՝ Հայաստանում կան քաղաքական ու քաղաքացիական շրջանակներ ժողովրդավարական հետընթացի և իրավապահ համակարգի քաղաքական նպատակներով օգտագործման մասին։

Երևի երբ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր այլևս չմնա, երբ բոլոր ընդդիմադիրները բերդերում լինեն, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը լինի ոչ թե 50, այլ 500, այդ ժամանակ մենք կարող ենք հասնել նրան, որ եվրոպական կառույցները հստակ նշեն, որ Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրներ։

Այնուամենայնիվ, համեմատած նախորդի՝ բոլոր այն գործողությունները, որոնք իրականացվում են Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների, քաղբանտարկյալների  մասին բարձրաձայնելու ֆոնին, ինչ-որ փոքր, չնչին արդյունքներ տալիս են»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս