«Արաղչին երեկ խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. Երևանն այդ զանգի՞ն էր սպասում, թե՞ Իրանն էր սպասում Հայաստանի ցավակցական ուղերձին». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ի վերջո ցավակցել է Իրանի նախագահին՝ Գերագույն հոգեւոր առաջնորդի, ղեկավարության մի շարք ներկայացուցիչների մահվան եւ քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը մշտապես կհիշի Ալի Խամենեիի անձնական դերը հայ-իրանական հարաբերության զարգացման գործում:
Նիկոլ Փաշինյանը փաստորեն ցավակցում է Գերագույն հոգեւոր առաջնորդի մահվան պաշտոնական հաստատումից գրեթե մեկուկես օր անց: Թե ինչով էր պայմանավորված այդ հապաղումը, դժվար է ասել: Հատկանշական է նաեւ, որ Փաշինյանի ցավակցության մասին տեղեկությունը հրապարակվում է անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանում Իրանի դեսպանատունը տեղեկություն տարածեց Իրանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին:
Աբաս Արաղչին երեկ խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կարո՛ղ էր ինչ որ բանով պայմանավորված լինել այն, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ նա խոսել է մեկ օր անց: Երեւանն այդ զանգի՞ն էր սպասում՝ Հայաստանի բարձր մակարդակի ցավակցությունը հանրայնացնելու համար, թե՞ Իրանն էր սպասում Հայաստանի ցավակցական ուղերձին:
Բոլոր դեպքերում, այս դետալները միշտ արժանանում են ուշադրության եւ քաղաքականության մեջ խոսում ինչ որ բանի մասին: Բոլոր դեպքերում, հայ-իրանական հարաբերությունը չպետք է ունենա շատ թե քիչ զգալի որեւէ թյուրըմբռնում»:



