Վերսալի պալատի ղեկավարը նշանակվել է Լուվր թանգարանի տնօրեն
Ֆրանսիայի կառավարությունը Վերսալի պալատի ղեկավար Քրիստոֆ Լերիբոյին նշանակել է Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանի տնօրեն այդ պաշտոնից Լորենս դե Կարի հրաժարականից հետո։
Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Ելիսեյան պալատից հայտնել են, որ 62-ամյա արվեստի պատմաբան Լերիբոյի գլխավոր խնդիրը կլինի ապահովել Լուվրի անվտանգությունը և արդիականացումը և իրագործել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Նոր վերածնունդ» նախագիծը, որը նախատեսում է Լուվրի վերանորոգում։
2025 թվականին Մակրոնը հայտարարել էր Լուվրի վերանորոգման 800 միլիոն եվրոյի ծրագրի մասին։
Ըստ լրատվամիջոցի՝ Լերիբոն առաջին հերթին պետք է զբաղվի այն խնդիրներով, որոնց մասին հայտնի է դարձել 2025 թ. հոկտեմբերին Լուվրի հանրահայտ կողոպուտից հետո, որի ընթացքում թանգարանից գողացվել էին 88 միլիոն եվրոյի զարդեր, որոնք դեռ չեն վերադարձվել։
Այժմ նոր տնօրեն պետք է նշանակվի Վերսալի պալատում, որը Լերիբոն ղեկավարում է 2024 թվականից։
Միևնույն ժամանակ նոր տնօրեն է նշանակվել նաև Օրսե թանգարանում. այն այժմ կղեկավարի Անիկ Լեմուանը։
Օրսե թանգարանի տնօրեն Սիլվեն Ամիկը մահացել էր 2025 թ. օգոստոսին։Լորենս դե Կարը հրաժարական էր տվել Լուվրի թանգարանի տնօրենի պաշտոնից 2025 թ. հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտի, անվտանգության և շենքային պայմանների, ինչպես նաև աշխատակիցների գործադուլների պատճառով։



