«Եկեղեցին Փաշինյանի կողմից «չուլան» անվանե՞լն է անպատվաբեր, Շուշին «դժբախտ ու դժգույն» համարե՞լն է անպատվաբեր, թե՞ երիտասարդի վրիպակը». Արթուր Գևորգյան

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են ֆեյսբուքյան գրառումներ անել ու քննադատել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին՝ ասելով, թե նա «ինչպես է համարձակվել Գյումրին գյուղ անվանել»։

Իսկ  ամբողջ իրականությունն այն է, որ Ալիկ Ալեքսանյանը և իր թիմակից Ղազարյանը կարճ տեսանյութով դիմում են իրենց հայրենակիցներին՝ ասելով, որ այցելել են Գյումրի, Ալիկ Ալեքսանյանն էլ հավելում է, որ գնացել են գյումրեցիների մոտ գյուղ հյուր։ Իսկ դրանից հետո էլ Ալիկ Ալեքսանյանը կարճ տեսանյութով թվարկում է բոլոր այն գյուղերը, որտեղ Շիրակում այցելել են։

Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանն ի սկզբանե հասկացել է՝ Ալիկ Ալեքսանյանը շփոթվել է, պարզապես իշխանության ներկայացուցիչները կառչել են նրա բառերից ու սկսել են քննադատական գրառումներ տարածել։

«Սա վրիպակ է եղել, Ալիկ Ալեքսանյանը գյուղերից էր եկել, հոգնած էր ու կարող էր վրիպել։ Որևէ մեկի համար նորություն չէ գյումրեցիների վերաբերմունքն իրենց քաղաքին, նրանց պատվախնդրությունը։

Կարդացեք նաև

Մի քանի անգամ նայելուց հետո ուզում եմ մեր հայրենակիցներին մի քանի հարց տալ՝ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանի կողմից «չուլան» անվանե՞լն է մեզ համար անպատվաբեր, Շուշին «դժբախտ ու դժգույն» համարե՞լն է անպատվաբեր, Արցախը մարզ անվանել ու Արցախի նախագահին մարզպետ կոչելն է անպատվաբե՞ր, թե՞ երիտասարդի վրիպակը։

2018 թվականին, երբ այս իշխանությունն ավելի երիտասարդ էր, ամենատարբեր կիքսեր ու վրիպակներ է թույլ տվել, բայց այդ ամենը կարծես որևէ մեկը չսարքեց հարվածի գործիք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանը։

Նրա կարծիքով՝ այսօր հասարակությունն ինքն իրեն պետք է շատ լուրջ հարց տա՝ Նիկոլ Փաշինյանի ասածնե՞րն են ավելի վտանգավոր անդրադարձ ունեցել երկրի համար, թե՞, օրինակ, Ալիկ Ալեքսանյանի վրիպակը։

«Այդ մարդը եկեղեցին «չուլան» է համարում, հետո 4 սրբազանների է բանտարկում, քրեական հետապնդում է հարուցում Վեհափառ հայրապետի նկատմամբ, Եկեղեցու կողմից կարգալույծ հռչակվածներին կարգում է եկեղեցու ներսում՝ որպես իշխանության քահանա, եկեղեցու դռները Գյումրիում փակում է հավատացյալների առաջ, այս ամենը  մոռացա՞ն։ Այս երիտասարդի ասածն ի՞նչ հետևանք պետք է ունենա երկրի վրա, ոչ մի, իր կողմից Գյումրին գյուղ անվանելուց հետո բա՞ն պետք է փոխվի, իհարկե ոչ»,- շեշտեց Արթուր Գևորգյանը։

Շարունակելով՝ արվեստագետը նկատեց՝ իշխանությունն ինչո՞ւ նույն կերպ չի հիշում այն անցուդարձերը, որոնք տեղի են ունենում Գյումրիում, այս ամենն ապացուցում է, որ այստեղ ոչ թե այդ վրիպակն է, այլ իշխանությունները քաղաքական դիվիդենտներ շահելու խնդիր են դրել։ Չնայած վստահ է, այս քայլով իշխանությունը գյումրեցիների մոտ իր վարկանիշը չի կարող բարձրացնել։

«Եթե գյումրեցին այսօր դժգոհ է այս իշխանություններից, դրա պատճառներն ունի, մեծ հաշվով՝ նման վրիպակները ՀՀ-ում ընտրությունների տրամաբանության վրա չեն անդրադառնալու։

Ինչ վերաբերում է Գյումրիում մարդկանց ակտիվությանը, դրա մասին խոսելը դեռ վաղ է, ամեն ինչ ավելի հստակ լինի, երբ հայտնի լինեն այն բոլոր ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին։ Սակայն մեկ բան հստակ է՝ գյումրեցին չի ների «Յոթ վերք» եկեղեցու դռները փակ պահելն ու փակ դռների հետևում պատարագ անելը, սա նրա համար անընդունելի է։ Որևէ մեկը չի պատկերացնում, թե գյումրեցու համար ինչ է այդ եկեղեցին, Խորհրդային տարիներին այն Հայաստանում գործող երկրորդ եկեղեցին էր՝ Մայր Աթոռից հետո։ Հետևաբար՝ գյումրեիցն իր ասելիքն ընտրություններին անպայման կասի»,- ընդգծեց Արթուր Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս