Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն նա պատիժը կալանքի տակ չի կրի
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը «կկրի» ազատության մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Հիշեցնենք, որ նրան բերման էին ենթարկել թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով: Մեղադրանք էր առաջադրվել, որ քննությամբ դեռևս չպարզված ժամանակ ու հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել հրազեն և ռազմամթերք:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, Մկրտիչ Մկրչտչյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
«Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մեղքի ձևը, հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար ենթակա է ազատազրկման ձևով պատժի՝ 1 (մեկ) տարի ժամկետով»,- ասված է վճռում:
Դատարանը նկատել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական կալանքի մեկ օրը հաշվակցվում է ազատազրկման մեկ օրվա դիմաց: Այսինքն՝ Մկրտիչ Արշակի Մկրտչյանը կրելու է մնացած 4 (չորս) ամիս ազատազրկման ժամկետը: Դատարանը նաև որոշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգով՝ Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ նշանակված 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:
Դատարանի վճռով՝ այս ընթացքում մեղադրյալը կգտնվի Պրոբացիայի ծառայության հսկողության տակ, նրա նկատմամբ կիրառված 2 միլիոն դրամ գրավը դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո կվերադարձվի, իսկ որպես իրեղեն ապացույց հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակն ու փամփուշտները կփոխանցվեն քննչական մարմնին՝ այլ վարույթի շրջանակներում քննությունը շարունակելու համար:



