Զելենսկին անշնորհակալ մարդ է. Վրաստանի խորհրդարանի նախագահ
«Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին, ո՛չ Զելենսկին, ո՛չ Բրյուսելը մեր աջակցությանը արժանի չեն, նրանք անշնորհակալ մարդիկ են»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հայտնում է Грузия Online-ը:
Նրան հարց էր ուղղվել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունման մասին, որին կողմ են քվեարկել 107 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը։ 51 երկիր ձեռնպահ է մնացել քվեարկությունից, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Հունգարիան։
«Որտե՞ղ էր Մեծ Բրիտանիան, երբ Զելենսկին պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի կառավարության ներկայացուցիչների դեմ։ Ընդհանրապես, նա անշնորհակալ մարդ է, ես առաջինը չեմ, որ դա ասում եմ։ Ամերիկայի նախագահը նրան ասել է՝ գեթ մի փոքր երախտագիտություն ցուցաբերել։ Զելենսկին երախտագիտություն չի հայտնում ո՛չ Ամերիկային, ո՛չ Վրաստանին։ Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ ձեզ Զելենսկու ամոթալի հայտարարությունները. նա հետ կանչեց իր դեսպանին Վրաստանից այն պատճառով, որ մենք վրացիներին չուղարկեցինք կռվելու և զոհվելու։ Թող շնորհակալություն ասեն, բայց ընդհանուր առմամբ, մեզ նրանց երախտագիտությունն այնքան էլ պետք չէ։ Այս ամենը մենք անում ենք ուկրաինացի ժողովրդի համար, իսկ հենց Զելենսկու վերաբերյալ վերջնական վճիռը կկայացնի ուկրաինացի ժողովուրդը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։



