Զայեդ մրցանակը կիսել ենք. 500 հազար-ական. Նա չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու։

Lրագրողը հետաքրքրվել էր, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանը «Ուժեղ Հայաստանի» ներկայացրած հայտը, ըստ որի՝ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, և նա կարող է դառնալ վարչապետ ընտրություններից հետո՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխությամբ։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ, սակայն ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջադրած վարչապետի թեկնածուին, ապա ՀՀ օրեքներով և Սահմանադրությամբ դա անհնար է։

«2–րդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում` նաև 3-րդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու։ Այն, ինչ դուք ասում եք, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի, հետևաբար, գոյություն չունեցող բանը ես հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «Զայեդ» մարդկային եղբայրության՝ 1 մլն դոլար մրցանակային ֆոնդին, ապա Փաշինյանն ասաց՝ քանի որ մրցանակը կիսել են ինքն ու Ալիևը, ապա գումարը նույնպես պետք է կիսեն և Հայաստանը 500 հազար դոլար է ստանալու։

«Գումարը դեռ չի փոխանցվել, սակայն վստահ ենք, որ կփոխանցվի։ Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,– ընդգծեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս