ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել F-35 «ստելս» կործանիչների ևս մեկ խումբ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել հինգերորդ սերնդի վեց F-35A Lightning II «ստելս» կործանիչից բաղկացած ևս մեկ խումբ: Այս մասին հաղորդում է Air and Space Forces Magazine հրատարակությունը։
Փետրվարի 8-ին ինքնաթիռները KC-135 Stratotanker երեք լցավորիչ ինքնաթիռի աջակցությամբ տրանսատլանտյան թռիչքից հետո միջանկյալ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազայում՝ Մերձավոր Արևելք հետագա տեղափոխման համար։
Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն տարածաշրջան էր տեղափոխել վեց ինքնաթիռից բաղկացած նմանատիպ խումբ։ Արաբական ծովում գտնվող ամերիկյան ավիակրի վրա նաև բազավորվում է տասներկու F-35C կործանիչից բաղկացած էսկադրիլիան։ Փետրվարի 3-ին դրանցից մեկը խոցել էր իրանական անօդաչուն, որը մոտեցել էր ավիակրին։
F-35C-ից բացի, ավիակրի վրա նաև բազավորվում են F/A-18 Super Hornet կործանիչների երեք էսկադրիլիա և ռադիոէլեկտրոնային պայքարի ու հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռներ։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ավելի վաղ Մերձավոր Արևելքի ավիաբազաներում տեղակայել էին F-15E Strike Eagle կործանիչների երեք էսկադրիլիա, F-16 Fighting Falcon կործանիչների մեկ էսկադրիլիա և A-10 Thunderbolt II գրոհայինների մեկ էսկադրիլիա։
Մարտական ինքնաթիռներից բացի, ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է նաև հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Patriot զենիթային հրթիռային համակարգեր և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր, նշում է հրատարակությունը։


