«ՔՊ-ն ակցիայի պահանջի՝ գերիների ազատ արձակման հետ հաշտ չէ, այլապես չէին փակի ճանապարհը». Հայկ Մամիջանյան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստանում է։ Նրա գալու առիթով այս պահին բողոքի ակցիա է ընթանում Բաղրամյան պողոտայում՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։
Ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ցույց տալով բազմաթիվ ոստիկաններին, որոնք փակել են Բաղրամյան պողոտան, նկատեց.
«Հայաստանն «ամենաժողովրդավար» երկիրն է, անգամ փողոցն է փակ, որպեսզի քաղաքացին կարողանա ակցիա իրականացնել։ Ընդ որում, ակցիան շատ պարզ մեկ պահանջ ունի՝ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին ազատ արձակեն։ Ինչպես հասկանում եմ, իշխանությունն այս պահանջի հետ հաշտ չէ, այլապես որևէ բացատրություն այս ամենին գտնել չեմ կարող»։
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ գերիների խնդրի հետ կապված պարտավոր են ամեն ինչ անելու, քանի որ Բաքվում պահվող հայերն անազատության մեջ են այն պատճառով, որ հայ են։ Հետևաբար՝ այլընտրանք չկա, քան այն, որ հնարավոր բոլոր ձևերով լսելի դարձնեն գերիների խնդիրը։
«Հարցն այն չէ, որ փոխնախագահ Վենսը տեղյակ չէ խնդրից, վստահ եմ, որ ինքը տեղյակ է այդ խնդրից, վստահաբար՝ ոչ այս իշխանություններից։ Այուամենայնիվ մենք պետք է այս հնարավորությունն օգտագործենք՝ ցույց տալու, որ ապրում են մարդիկ, ովքեր իրենց հայրենակիցներին, յուրայիններին անտեր չեն թողնում»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


