Հայաստանը հիմա աշխարհին ներկայանում է որպես ամեն ինչ ուրացող երկիր, մեզ ասում են՝ անթասիբ ենք. Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիա էր իրականացնում՝ հաջակցություն Բաքվում ապօրինաբար խոշտանգվող մեր հայրենակիցների և Երևանի բանտերում քաղաքական հետապնդման պատճառով կալանք կրող քաղաքացիների։

Այս օրակարգը միավորել էր հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների․ ԱԺ առջև էին ազգային ու ընդդիմադիր գործիչներ, հոգևոր դասից ներկայացուցիչներ, որոնք ԱԺ-ում հյուրընկալված Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին փորձում էին լսելի դարձնել երկրում կատարվողը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ակցիայի ժամանակ նշել էր՝ Եվրախորհուրդը, ինչպես եվրոպական բազմաթիվ կառույցներ, այսօր բարոյական բանկրոտ են. չունեն ամոթ, քանի որ աչք են փակում ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների առկայության փաստի վրա, իսկ աչքփակոցին, ըստ հանրապետական գործչի, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է։

168am-ը Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է քաղաքական նպատակահարմարությունը՝ արդյո՞ք Հայաստանը հյուսիս-հարավ տրամաբանությունից բերել արևելք-արևմուտք գծի վրա։

Կարդացեք նաև

«Ձեր մատնանշած խնդիրը կա, այո՛, Հայաստանն այսօրվա ղեկավարության դեմքով աշխարհին, հատկապես՝ արևմտյան երկրներին, ներկայանում է որպես ամեն ինչի պատրաստ երկիր․ երկիր, որը պատրաստ էր սեփական շահերն ուրանալ, սեփական արժեքները մոռանալ։

Ակնհայտ է, որ հիմնական թիրախն ապազգայնությունն է՝ ոչ թե գեոպոլիտիկ վեկտորը․ Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր բանը՝ ջնջել հայ օպերատիվ հիշողությունը»,- ի պատասխան՝ նշեց քաղաքական գործիչը։

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև ԱՄՆ փոխնախագահի սպասվող այցին Հայաստան և շեշտեց, որ դա լավ առիթ է առնվազն Բաքվում ապօրինաբար խոշտանգվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու համար, ինչպես նաև՝ դադարեցնելու, կամ՝ գոնե նվազեցնելու Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումները։

«Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ ազատությունն ավելի ուժեղ բան է, քան վախը, և Նիկոլ Փաշինյանը, որ փորձում է երկրում ստեղծել վախի մթնոլորտ, չի կարող հաջողել, որովհետև ազատությունն ավելի ուժեղ էմոցիա է և դա է բնորոշ ապրող մարդուն, և ոչ թե վախը։ Վախը հավերժ լինել չի կարող, և այս պայքարի ակցիաները, որոնք տեղի են ունենում, այո՛, նաև վախը կոտրելու միտում ունեն։

Մենք չե՛նք վախենում»,- հավելեց հանրապետական գործիչը։

ՀՀԿ փոխնախագահը լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին արժանանալու դրվագի մասին։

Ինչո՞ւ «Մարդկային եղբայրության» մրցանակաբաշխությունը, որ երեկ տեղի ունեցավ, շրջանցեց արցախցիների իրավունքները, և այս ֆոնին նաև՝ Բաքվի բանտում գերիների ազատ արձակման փոխարեն, այսօր ականատես դարձանք նրանց դատավճիռներին՝ հետաքրքրվեցին Արմեն Աշոտյանից։

«Շատ պարզ է․ աշխարհը միայն ցույց է տալիս, որ գնահատում է Հայաստանի ներկայիս քաղաքականությունը, իսկ իրականում, որպես մարդ, ով 15 տարի ի պաշտոնե շփվել և առայսօր շփվում է միջազգային կառույցների հետ, ես ձեզ կարող եմ ասել՝ մեզ հրապարակավ կարող են շոյել, մրցանակ տալ, գովել, բայց մեր մեջքի հետևում մեր հետևից խոսում են, ասում են, որ մեզ նման անթասիբ պետություն այս պահին չկա, ասում են, որ մենք նվեր ենք տարբեր աշխարհաքաղաքական ուժերի։

Եվ բնական է, որ հրապարակավ կարող են շոյել, պարգևատրել, մեծարել, գովալ․․․ բայց հոգու խորքում մեզ չեն հարգում, լավագույն դեպքում խղճում են, որ այս վիճակում ենք հայտնվել, որովհետև մենք միակն ենք երկրագնդի բոլոր ժողովուրդներից այս պահին, որ պատրաստ է զիջել սեփական ինքնասիրությունը, պատմական հիշողությունը, իր արժեքները․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս