Հայաստանը վատագույնն է պարտքի բեռով

Հայաստանը Հարավային Կովկասի երկրներում վատագույնն է պարտքի բեռով։ Համախառն ներքին արդյունքի նկատմամբ ունի պարտքի ամենաբարձր մակարդակը։

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանի պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 53.4 տոկոս։

Սա ամենավատ ցուցանիշն է տարածաշրջանում։ Օրինակ՝ Վրաստանում պարտքի բեռը ՀՆԱ նկատմամբ 34.2 տոկոս է։ Իրանում հասնում է 35.6 տոկոսի։ Ռուսաստանում շատ ավելի ցածր է՝ ընդամենը 23.1 տոկոս։

Պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերությամբ Հայաստանն անհամեմատ ավելի վատ վիճակում է գտնվում, քան Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրքիայի պարտքը ՀՆԱ նկատմամբ 24.3 տոկոս է, Ադրբեջանինը՝ ավելի ցածր՝ 22.4 տոկոս։

Կարդացեք նաև

Այսպիսին է Հայաստանի պարտքի ծանրաբեռնվածությունը՝ ի տարբերություն տարածաշրջանի երկրների։ Հայաստանը շատ ավելի վատ դիրքում է գտնվում, քան այդ երկրները։ Որոշ երկրների համեմատ՝ պարտքի բեռը ՀՆԱ նկատմամբ նույնիսկ կրկնակի ավելի բարձր է։ Ու սա բոլորովին էլ մեր օգտին չէ։

Պարտքերով երկիր պահելը հպարտանալու բան չէ, ինչպես փորձում են անել Հայաստանի կառավարիչները։ Ժամանակին պարտք վերցնելը չարիք էին համարում, հիմա՝ առավելություն։ Պատճառաբանություններ են փնտրում՝ արդարացնելու երկիրը պարտքերի մեջ թաղելը։ Երբեմն էլ այնպես են խճճվում այդ պատճառաբանություններում, որ ընկնում են անհեթեթության մեջ։

Որքան պարտքի բեռը ՀՆԱ նկատմամբ բարձր է, այնքան ստիպված ենք ավելի շատ միջոցներ հատկացնել դրա սպասարկման համար։ Զարմանալի չէ, որ վերջին տարիներին պարտքի միայն տոկոսների վճարումը տարեկան հասնում է 1 մլրդ դոլարի։ Այս տարի նույնիսկ ավելի շատ կլինի։ Ոչ վաղ անցյալում պարտքի սպասարկումը 2-3 անգամ ավելի քիչ միջոցներ էր խլում պետական բյուջեից։ Պատկերացրեք, եթե պարտքը լիներ այսօրվա ՀՆԱ ոչ թե 53.4, այլ 25-26 տոկոսը։ Առնվազն երկու անգամ քիչ միջոցներ կգնային պարտքի սպասարկմանը։

Դեռ չհաշված, որ դրա հետ էլ պարտքն այնքան թանկացրած չլինեին, ինչքան թանկացրել են վերջին տարիներին։ Այդ դեպքում ստիպված չէինք լինի 1 միլիարդ դոլար վճարել՝ միայն պարտքի տոկոսները փակելու համար։ Կվճարեինք, ասենք՝ 350-400 մլն դոլար։

Նախկին 4.7-4.8 տոկոսից պարտքի տոկոսադրույքը հասցրել են 7.3-ի ու դեռ պարտքի դիրքի բարելավումից են խոսում։ 7.3 տոկոս պարտքի գին ունենալը թանկ հաճույք է անգամ զարգացած տնտեսություն ունեցող երկրների համար։ Երկիրը դրել են կոմերցիոն գին ունեցող պարտքերի տակ։ Աշխարհում քիչ կան այնպիսի երկրներ, որոնք պարտքի նման բարձր գին ունեն։ Հայաստանը դրանցից մեկն է։ Պատճառը ոչ միայն պարտքերով, այլև թանկ պարտքերով երկիրը ծանրաբեռնելն է։

Այսօր մեր տնտեսությունից հավաքված հարկերի գրեթե 14 տոկոսը տալիս ենք, որպեսզի փակենք պարտքի միայն տոկոսները։ Սա ծանր բեռ է տնտեսության վրա ու այդ բեռը գնալով ավելանում է, որովհետև իշխանությունները հակված չեն զսպել պարտքի իրենց ախորժակը։ 7 տարում 6.7 մլրդ դոլարից պարտքը 14.2 միլիարդի հասցնելը հանաք բան չէ։ Ամեն մի իշխանություն իրեն նման ճոխություն չէր կարող թույլ տալ։ Բայց ՔՊ-ականների համար պարտք վերցնելը դարձել է մեկ բաժակ ջուր խմելու նման բան։ Ամեն ինչի համար պարտք են վերցնում։ Բայց միայն պարտք վերցնելն ենք տեսնում ու պարտքերի շարունակաբար ավելանալը։ Ստեղծվող արդյունքը չի երևում։ Թող դուրս գան փողոց ու ցանկացած քաղաքացու հարցնեն, գիտե՞ն՝ ուր են գնացել այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվել, ի՞նչ են տվել։ Չգիտեն, որովհետև արդյունքը չեն տեսել։

Տարիներով ինչ-ինչ ծրագրերից են խոսում, դրանց համար վարկային միջոցներ են ներգրավում, փողեր են ծախսում, բայց աշխատանքները, ծրագրերը տեղից չեն շարժվում։ Երբեմն էլ այնքան դանդաղ են շարժվում, որ սկիզբն ու վերջը չի երևում։ Ոչ թե այն պատճառով, որ երկարաժամկետ ծրագրեր են, այլ, որովհետև ժամանակացույցերից էապես հետ են մնում, չեն կարողանում ժամանակի մեջ տեղավորվել։ Մի բան էլ դրա պատճառով են տուգանքներ վճարում։ Արդյունքներն էլ, որոնք ակնկալվում էին այդպիսի ծրագրերի իրականացմամբ, ժամանակային շեղումների պատճառով, այլևս այն չեն լինում։

Պատկերացնելու համար՝ մի օրինակ բերենք. Վեդու ջրամբարի շինարարությունը, որի մեկնարկը տրվել է դեռ նախկին իշխանությունների ժամանակ, պիտի ավարտած լինեին 2021թ.։ Մինչև հիմա ջրամբարը չեն գործարկել։ Հինգ տարի է անցել սահմանված ժամանակացույցից։ Հինգ տարի արդեն այդ ջրամբարը պիտի շահագործվեր, երկիրն օգուտներ պիտի ստանար, որպեսզի փակեր նաև այն վարկերը, որոնց հաշվին կառուցվել է ջրամբարը։ Բայց ունենք այն, որ վարկը կա, ջրամբարը չկա, կամ կա, բայց չեղածի հաշիվ է, որովհետև արդյունքը չկա։

Այս ծրագրի իրականացման համար շուրջ 10 տարի առաջ է 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ։ Վարկը վերցրել են, տոկոսները վճարում են, վարկը փակում են, բայց 10 տարի է՝ Վեդու ջրամբարի կառուցման արդյունքը չի երևում։

Այս դեպքում դեռ ծրագիրը 5 տարի ուշացնելուց հետո, մի կերպ ավարտին են մոտեցրել, բազմաթիվ դեպքերում ծրագրերի մեկնարկը նույնիսկ չեն էլ տվել։ Նույն Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ծրագիրն էլ նախկինների օրոք է մեկնարկել, արդեն պիտի գիծը կառուցած, ավարտած լինեին, բայց չեն էլ սկսել։ Էլի վարկերը վերցրել են, որոշ կազմակերպչական միջոցառումների, խորհրդատվական ծառայությունների համար գումարները ծախսել են, սակայն նույնիսկ շինարարության իրականացման մեկնարկին չեն հասել։

Ծրագրային հատուկենտ վարկերը, որոնք պետք է տնտեսական արդյունք ապահովեն, այսպես են իրականացնում։ Տարիներով ուշացնում են, չեն կարողանում ավարտին հասցնել, բայց այդպես էլ համատարած ձախողումների համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում։

Այդքան վարկային միջոցները ծախսել են, հայտնի չէ գոնե 1 դեպք, որ որևէ մեկը պատժվել է թերացման համար։ Կոռուպցիոն երևույթների, չարաշահումների ու վատնումների մասին չենք էլ խոսում։ Թե՞ կարծում եք՝ նման երևույթներ չկան, բոլորը սրբեր են դարձել։

Հայաստանի այսօրվա կառավարիչները տարեկան 1-1.5 մլրդ դոլարի նոր պարտքեր են դնում պետության ու քաղաքացու վրա, սակայն արդյունքները չեն երևում։ Տարեցտարի միայն պարտքի բեռն ու պարտքի սպասարկման ծախսերն են ավելանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս