Թեհրանի ռազմավարական նախազգուշացումն ու քաղաքական մեղադրանքը Երևանին․ ինչո՞ւ Իրանի դեսպանը սրեց հռետորաբանությունը

Հայ-իրանական հարաբերություններում վերջին տարիներին ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության փորձերով պայմանավորված տարաձայնությունների տարրերը դուրս են գալիս ջրի երես։

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին երեկ հանդես է եկել մի շարք կոշտ հայտարարություններով, ինչը քիչ է բնորոշ իրանական դիվանագիտությանն ու հայ-իրանական դիվանագիտական օրակարգին։

Ի դեպ, սա դեսպան Խալիլ Շիրղոլամիի առաջին հայաստանյան ասուլիսն էր, որը համընկավ Իրանում գլուխ բարձրացրած անհնազանդության հետ։

Դեսպանը հայտարարել է, որ եթե Իրանի թշնամական ուժերը հաջողության հասնեն Իրանում, Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու։

Կարդացեք նաև

Դեսպան Շիրղոլամին առանձնակի դժգոհությամբ է խոսել այս օրերին ՀՀ-ում Իրանի դեսպանատան շենքի մոտ ծավալվող բողոքի ակցիաների մասին, ակնարկելով, որ դիմել են ՀՀ պատկան մարմիններին, ամենայն հավանականությամբ, որոշ զսպման մեխանիզմներ կիրառելու համար, սակայն որևէ արձագանք չկա։

«Արդեն վեց օր է՝ երեկոյան ժամը 18:00-ից մինչև 21:00-ն ականատես ենք լինում այն բանի, որ մի խումբ մարդիկ հավաքվում են Իրանի դեսպանատան դիմաց, հանդես են գալիս շատ անհարգալից ու վիրավորական հայտարարություններով, և ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը ՀՀ համապատասխան մարմիններին, այդ գործընթացը շարունակվում է։

Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք հայ ժողովրդի և ՀՀ կառավարության կողքին, օրինակները շատ են, մենք այսօր շատ ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որն այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրղոլամին։

Դեսպանը, սակայն, այսքանով չի սահմանափակվել. նա ասել է, որ Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն։

Դեսպան Խալիլ Շիրղոլամիի վերջին հայտարարությունն ազդարարում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերություններում նոր փուլի մասին։ Առաջին անգամ իրանցի բարձրաստիճան դիվանագետը հրապարակային մակարդակում հայտարարում է, որ Թեհրանում ձևավորվում է ընկալում, թե Հայաստանը վերածվում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոնի։

Այս ձևակերպումը պատահական չէ և չի կարելի դիտարկել՝ որպես մեկ դրվագային դժգոհություն։ Իրանական դիվանագիտական բառապաշարի ավանդույթներին ծանոթ վերլուծաբանները հստակ կնշեն, որ նման բառապաշարը գրեթե հավասարազոր է քաղաքական մեղադրանքի։ Այն հստակ ազդակ է, որ Թեհրանը Հայաստանի վերջին արտաքին քաղաքական և անվտանգային քայլերը դիտարկում է ոչ թե որպես չեզոք բազմավեկտոր քաղաքականություն, այլ որպես իր ազգային անվտանգության համար ռիսկեր ստեղծող գործընթաց։

Ավելորդ է նույնիսկ նշել, որ Իրանի համար Հայաստանի հարավը պարզապես սահմանակից տարածք չէ։ Սյունիքը Թեհրանի ռազմավարական հաշվարկներում ունի կենսական նշանակություն։

Ցանկացած արևմտյան կամ Իրանին թշնամաբար տրամադրված ուժի ներգրավվածության կասկած անգամ Թեհրանում ընկալվում է՝ որպես անմիջական սպառնալիք։ Իսկ ամերիկյան կողմը ԹՐԻՓՓ նախագծով ստանում է էական ազդեցություն, ներկայություն, որոշումներ կայացնելու իրավունք այդ նախագծի շրջանակում։ Դեսպանի հայտարարության ենթատեքստում հենց այս մտահոգությունն է։ Վերջին շրջանում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգային շփումների ակտիվացումը, տեխնիկական միջոցների տեղակայման մասին խոսակցությունները, ինչպես նաև Սյունիքում արևմտյան ներկայության հնարավոր ընդլայնման վերաբերյալ ազդակներն Իրանում ընկալվում են՝ որպես կարմիր գիծ։

Դեսպանը հատուկ շեշտում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաները և այն, որ հայկական պատկան մարմինները, իր գնահատմամբ և ակնարկով, բավարար կերպով չեն միջամտում իրավիճակին, թույլ են տալիս, որ շատ վիրավորական արտահայտություններ հնչեն։ Իրանի համար սա երկրորդական դրվագ չէ։

Թեհրանը կարծես նման ակցիաները դիտարկում է ոչ միայն որպես քաղաքացիական դժգոհություն, այլ որպես Հայաստանում ձևավորվող քաղաքական միջավայրի ցուցիչ։ Այստեղ հնչում է անուղղակի, բայց հստակ հարցադրում Երևանին․ արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իր տարածքում ձևավորվող հակաիրանական օրակարգը, թե՞ լռությամբ թույլ է տալիս դրա զարգացումը։

Սա արդեն հայ-իրանական հարաբերություններում վստահության ճգնաժամի նշան է։

Հայտարարության իրական ուղերձը պարզ է․ Իրանը փորձում է կանխել այն սցենարը, որտեղ Հայաստանը որևէ կերպ կարող է ներքաշվել կամ օգտագործվել Իրանի դեմ ուղղված տարածաշրջանային սցենարների մեջ՝ նույնիսկ անուղղակիորեն։ Այս փուլում Իրանը դեռևս չի անցնում բաց սպառնալիքների, սակայն դեսպանի կոշտ բառապաշարը ցույց է տալիս, որ սա նախազգուշական ազդակ է, ոչ թե դիվանագիտական դժգոհության ձևական արտահայտում։

Ինչպես երևում է, կարճաժամկետ հեռանկարում սպասվում են հայ-իրանական փակ դիվանագիտական շփումներ և Երևանի նկատմամբ ավելի հստակ պահանջների ձևակերպում։ Հավանական է, որ նման մտահոգություններ կհնչեն նաև այլ իրանցի պաշտոնյաների կողմից՝ ձևավորելով համակարգված դիրքորոշում։

Խալիլ Շիրղոլամիի հայտարարությունը պետք է ընկալել ոչ թե՝ որպես դիվանագիտական զգացմունքայնություն Իրանի համար դժվարին փուլում, այլ՝ որպես ռազմավարական նախազգուշացում։ Այն ցույց է տալիս, որ Իրանը Սյունիքը դիտարկում է իր ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս, և Հայաստանի ցանկացած քայլ, որը կարող է խաթարել այդ ընկալումը, առաջացնելու է կոշտ արձագանք։ Պատահական չէ, թերևս, որ այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնում ԹՐԻՓՓ նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստի հրապարակմանը զուգահեռ։ Տեքստից բազմաթիվ մանրամասներ ի հայտ եկան, թե ինչ առավելություններ է ստանում ԱՄՆ-ը Հայաստանում, այդ թվում և այն, որ ԱՄՆ-ը կստանա ԹՐԻՓՓ ընկերության 74% մասնաբաժինը 49 տարով երկարաձգելու հեռանկարով, որի դեպքում տոկոսային մասնաբաժինների փոփոխություն է նախատեսվում ի օգուտ ՀՀ-ի։ ՀՀ ԱԳ նախարարն այսօր հայտարարեց, թե ԹՐԻՓՓ-ը շահեկան է Հայաստանի ու հարևանների համար։ Իրանում կարծես այս կարծիքը չեն կիսում։ Թեհրանը մտահոգ է, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել նախագիծն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։

«Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին»,- ասել է դեսպան Շիրղոլամին։ Հայաստանի համար առաջիկա շրջանի հերթական արտաքին քաղաքական մարտահրավերը կդառնա Իրանի հետ ռազմավարական վստահության անդառնալի քայքայումը բացառելը։

Տեսանյութեր

Լրահոս