ԲԴԽ-ի կողմից ձևավորվող «հակաիրավունքը» դեռ իրեն շատ է զգացնել տալու. Արթուր Ղամբարյան

Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), ՀՀ սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշման հիման վրա, վերացրել է դատավորի լիազորությունը դադարեցնելու մասին իր նախկին որոշումը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն անհատական ակտով չի վերականգնել դատավորի պաշտոնին, թեև ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասն ուղիղ սահմանում է. «Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին»:

Դավիթ Հարությունյանին դատավորի պաշտոնին չվերականգնելու պայմաններում նորից լսումներ կազմակերպելու արդյունքում ստեղծվել է աղաղակող անտրամաբանական իրավիճակ։ Մի կողմից՝ ԲԴԽ-ն վերացրել է Դ. Հարությունյանի լիազորությունը դադարեցնելու մասին իր նախկին որոշումը, սակայն, ի հակադրություն օրենքի էքսպլիցիտ պահանջի, նրան պաշտոնին չի վերականգնել։ Մյուս կողմից՝ կրկին քննում է նրա լիազորությունները դադարեցնելու հարցը, այսինքն՝ մի հարց, որն արդեն փաստացի լուծված է։ Բովանդակային իմաստով Հարությունյանը շարունակում է կրել կարգապահական պատասխանատվության հետևանքները, քանի որ նրա լիազորությունները դադարեցված են, սակայն նա մասնակցում է իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդության քննությանը)))

Ընդ որում, ԲԴԽ-ն իր «հակատրամաբանությունը» հիմնավորելու համար նմանատիպ մեկ այլ՝ Արթուր Ստեփանյանի գործով վկայակոչել է ՀՀ ՍԴ որոշում, որը բացարձակ կապ չունի այս բնույթի խախտումները վերացնելու հետ։

Այս «հակատրամաբանությամբ» շարժվելու դեպքում, օրինակ, չի բացառվում, որ ապագայում Եվրոպական դատարանը (ԵԴ) հաստատի առաջին ատյանի դատարանում հրապարակայնության սկզբունքի խախտման փաստը։ Ապա՝ ԵԴ որոշման հիման վրա վերացվի մեղադրական դատավճիռը, գործն ուղարկվի նորից քննության, սակայն այդ ընթացքում մեղադրյալը շարունակի համարվել դատապարտյալ և շարունակի կրել ազատազրկման ձևով պատիժ՝ մինչև նոր դատավճռի կայացումը։

Սա ոտնձգություն է ոչ միայն օրենքի դրույթների և իրավունքի սկզբունքների նկատմամբ, այլև պարզ մարդկային տրամաբանության նկատմամբ։

Քաղաքական իշխանության կողմից այդքան ակնկալվող դատական համակարգի լեգիտիմությունն իրականում ձեռք կբերվի այն ժամանակ, երբ ԲԴԽ անդամները լինեն բանական, մտածող ու հեռատես, իսկ որոշումներ կայացնելիս՝ վերանձնային և վերքաղաքական։ Գրագիտությունն այս հարցում երկրորդական է։

Օրինակ՝ ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը չէր կանխատեսել, որ դատավոր Լուսինե Աբգարյանի գործով, 07.06.2021թ. ԲԴԽ-29-Ո-Կ-11 որոշմամբ անվերապահ ընդունելով՝ «դատախազի բացառիկ լիազորությունն է քրեական գործը նախաքննության մի մարմնի քննիչից հանձնել մյուս մարմնի քննիչին» հակաիրավական մեկնաբանությունը, մեկ տարի անց, հանրային հեռուստաընկերությունում իր արարքների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու առնչությամբ հարցազրույց տալիս, ստիպված կլիներ մի քանի անգամ իմպերատիվ կերպով հերքելու իր իսկ ստորագրած որոշումը և նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը իրավասու չէ փոխելու իր վարույթով բացառիկ քննչական ենթակայության կանոնները։

ՀՀ ԲԴԽ-ի կողմից ձևավորվող «հակաիրավունքը» դեռ իրեն շատ է զգացնել տալու»։

Տեսանյութեր

Լրահոս