Թրամփն ասում է՝ դեմ չեմ, որ լավ ապրեք, բայց ձեր ընդերքն ինձ պետք է տաք. Խոսրով Հարությունյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։ Վերջինս, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ տարածաշրջանային լոգիստիկ խնդիրներին:
«Այսօր լոգիստիկան ու էներգետիկան այլևս աշխարհաքաղաքականություն է, այսինքն՝ յուրաքանչյուր խաղացող լոգիստիկ ճանապարհներով ձգտում է տարածել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։ Թրամփն ասում է՝ ես դեմ չեմ, որ դուք լավ ապրեք, բայց այդ հարստացման աղբյուրները ես պետք է տնօրինեմ։ Նա դա ասում է Ուկրաինային, Աֆրիկյան երկրներին, բոլորին, հիմա էլ՝ մեզ։ Թրամփի ուղին դրա մասին է։ Աշխարհաքաղաքականություն է նաև TRIPP-ը։ Այն յուրատեսակ կամուրջ է դառնալու, որ Ադրբեջանի միջոցով զսպեն Չինաստանին, դուրս մղեն Ռուսաստանին»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Նրա խոսքով՝ ի պատասխան Թրամփի 5+1 նախաձեռնության՝ Չինաստանը Ստամբուլում նախաձեռնեց Կենտրոնական Ասիայի 6 պետությունների երկրների ղեկավարների հանդիպում, ովքեր հուշագիր ստորագրեցին դեպի Եվրոպա ճանապարհ ունենալու մասին։
«Տնտեսական առումով Սյունիքով անցնող 42 կիլոմետրանոց երկաթգիծը մեզ ոչինչ չի տալիս։ Եթե տրանզիտից փող պիտի տան, դա լինելու է կոպեկներ։ Շահում է միայն Ադրբեջանը։ Անգամ «Ֆորբս» ամսագրում ազգությամբ թուրք հոդվածագրի կողմից հաշվարկ ներկայացվեց, որ այդ նախագծի իրականացման արդյունքում Թուրքիայի արտահանման ծավալներն ավելանալու են 310 %-ով, Ադրբեջանի համախառն ներքին արդյունքն ավելանալու է 2%-ով։ Շահելու են նաև միջինասիական երկրները։ Իսկ ի՞նչ էր ստանալու Հայաստանը․ ԵՄ-ն կխոստանար 2.5 միլիարդ եվրոյի աջակցություն։ Այսինքն՝ նրանք բոլորը գետնի վրա օգուտ կքաղեն, հայերը՝ միայն խոստում կստանան»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Վերջինս նշեց՝ Թրամփի ուղու նպատակը Կենտրոնական Ասիայի երկրներին ԱՄՆ ազդեցության տակ պահելն է։ Բացի դրանից, այն անվտանգային առումով Հայաստանին ոչինչ չի տալիս:
«Պատկերացրեք՝ TRIPP-ը կա․ արդյո՞ք Սոթք-Խոզնավար հատվածից կամ Ջերմուկի սարերից ադրբեջանցիները դուրս են գալու։ Իհարկե ո՛չ։ Հետևաբար՝ ուզում ես՝ ասա TRIPP, թե Զանգեզուրի միջանցք, դա մեր անվտանգության առումով մեզ ոչինչ չի տալու։ Մեր նպատակը պետք է լինի մեր աշխարհագրական դիրքը վերածել աշխարհաքաղաքական ներուժի, որ քո անվտանգությունը դառնա խոշոր խաղացողների շահերի համար անհրաժեշտություն: Աստված մի արասցե, եթե Սյունիքը հայտնվի Ադրբեջանի ձեռքում, TRIPP-ը դադարելո՞ւ է գործել։ Իհարկե ո՛չ։ ԱՄՆ-ի համար տարբերություն չկա՝ ում վերահսկողության ներքո է Սյունիքը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
