Բարձր աշխատավարձերի խաբկանքը

Ցուցանիշները, որոնք իշխանությունները շատ հաճախ մատուցում են աշխատավարձերի ու հատկապես աշխատավարձերի աճերի տեսքով, իրականում քիչ կապ ունեն այն գումարների հետ, որոնք քաղաքացիներն առձեռն ստանում են։ Փաստացի քաղաքացիները շատ ավելի քիչ են ստանում, քան պաշտոնապես ներկայացվում է՝ որպես միջին աշխատավարձ։

Դեռ չենք ասում, որ հաճախ աշխատավարձերի ներկայացվող աճերը զուտ ձևական են, հաշվարկային կամ վիճակագրական աճեր են, կապված են գերազանցապես հաշվապահական ձևակերպումների ու հարկային վարչարարության հետ։ Դրանից քաղաքացիների իրական եկամուտները ոչնչով չեն ավելանում, բայց աշխատավարձերի ցուցանիշներն արհեստականորեն աճում են։

Այդ հանգամանքն է հիմնական պատճառներից մեկը, որ արտաքուստ աշխատավարձերը բարձրանում են, բայց աշխատողների եկամուտները չեն ավելանում։

Դրան գումարվում է նաև գնաճի ազդեցությունը։ Ու ստացվում է այնպես, որ աշխատավարձերը թվացյալ բարձրանում են, բայց մարդիկ սկսում են ավելի վատ ապրել, քան նախկինում էին ապրում։

Կարդացեք նաև

Վերջին տվյալներով, միջին աշխատավարձը Հայաստանում 293 հազար դրամ է։

Այն ավելի ցածր է, քան հունիսին, հուլիսին ու օգոստոսին էր։ Հունիսին միջին աշխատավարձը 297 հազար էր, հուլիսին՝ 304 հազար, իսկ օգոստոսին՝ 295 հազար դրամ։

Սեպտեմբերին միջին աշխատավարձը կազմել է 288 հազար դրամ, հոկտեմբերին՝ 293 հազար դրամ։

Բայց սա ոչ թե իրական, այլ անվանական աշխատավարձն է։ Անվանական աշխատավարձը մինչև հարկումն է, իրականը՝ հարկումից հետո։

Հարկերը վճարելուց հետո, քաղաքացիները շատ ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան թվում է առաջին հայացքից։ Հարկերը հանելուց հետո, ամենաթարմ տվյալներով, միջին աշխատավարձը Հայաստանում կկազմեր ոչ 293 հազար դրամ, այլ 217 հազար դրամ։ Ավելի քան 76 հազարը դրամը այն հարկերն են, որոնք քաղաքացիները վճարում են իրենց աշխատավարձերից։ Դրանք են՝ եկամտային հարկը, սոցիալական կամ կենսաթոշակային ֆոնդերի, ինչ նաև «Զինապարտ» հիմնադրամի վճարումները։

Ընդհանուր առմամբ աշխատավարձի 25-26 տոկոսի չափով քաղաքացիները հարկ են վճարում։ Առողջության ապահովագրության ներդրումից հետո, ավելի շատ կվճարեն։

Անվանական աշխատավարձի հազիվ 74-75 տոկոսն է, որ հասնում է քաղաքացուն։ Մնացածը հարկերի ու այլ վճարների տեսքով վերցնում են նրանից։

Դա է պատճառը, որ հարկումից հետո քաղաքացիների առձեռն ստացած գումարներն էապես նվազում են։ Երբեմն նույնիսկ 100 հազար դրամի չեն հասնում։

Այսօր Հայաստանում աշխատողների մի մեծ զանգված կա, որոնց աշխատավարձերն արտաքուստ բարձր են 100 հազարից, բայց հարկելուց հետո 100 հազարի չեն հասնում։ Հիմնականում տատանվում են նվազագույն աշխատավարձի սահմաններում։

Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 75 հազար դրամ է։

Կառավարությունն իր գործունեության ծրագրով խոստացել էր հասցնել 85 հազար դրամի, բայց դա էլ չարեց։ Ու հիմա այնպես է ստացվել, որ ցածր աշխատավարձեր ստացող քաղաքացիների մեջ շատերը հենց նվազագույն աշխատավարձ են ստանում։ Բայց դրա մասին իշխանությունները սովորաբար չեն խոսում, հատուկ լռում են, որպեսզի թաքցնեն այն իրական պատկերը, որը կա աշխատավարձերի չափերի հետ կապված։

Ոչինչ, որ իրական աշխատավարձերը Հայաստանում շատ ավելի ցածր են, քան ներկայացվում է։

Հրապարակված վերջին տվյալներով, այս տարվա 10 ամիսներին միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 5.4 տոկոսով կամ 14 հազար դրամով։ Բայց խոսքը կրկին կեղտոտ աշխատավարձի բարձրացման մասին է։

Քաղաքացիների առձեռն ստացվող աշխատավարձերն իրականում ավելի քիչ են բարձրացել։

Եթե անցած տարվա 10 ամիսներին իրական միջին աշխատավարձը Հայաստանում 207 հազար դրամ էր, այս տարի դարձել է 217 հազար դրամ։

Ավելացել է ընդամենը 10 հազար դրամով։ Սա էլ ոչ բոլոր քաղաքացիներին է վերաբերում։

Հայաստանում 810 հազար վարձատրվող աշխատող կա։ Նրանցից 345 հազարը կամ աշխատանք ունեցողների գրեթե 43 տոկոսն ընդգրկված են փոքր կամ միջին ընկերություններում։ Այդ ընկերություններում զբաղված քաղաքացիների իրական աշխատավարձը նույնիսկ 180 հազար դրամի չի հասնում։ Այս մարդկանց մեջ մի հսկայական խումբ կա, որոնց աշխատավարձերը տատանվում են ընդամենը 100 հազար դրամի սահմաններում կամ ավելի ցածր են։ Վերջին 1 տարում նրանց իրական աշխատավարձերը բարձրացել են հազիվ 4-5 հազար դրամով։

Հպարտանում են, որ միջին աշխատավարձը Հայաստանում հասնում է 300 հազար դրամի։ Բայց, պաշտոնական տվյալներով, միայն խոշոր ընկերություններում է, որ միջին առձեռն աշխատավարձը 300 հազար դրամից բարձր է։ Խոսքը 250-ից ավելի աշխատող ունեցող ընկերությունների մասին է, որտեղ միջին անվանական աշխատավարձը հասնում է 408 հազար դրամի, իրականը՝ կազմում է 302 հազար դրամ։ Այդպիսի ընկերություններում զբաղված են աշխատող քաղաքացիների գրեթե 32 տոկոսը։

Մնացած 68 տոկոս աշխատողների իրական միջին աշխատավարձը 300 հազարից ցածր է, երբեմն՝ 3 անգամ ավելի ցածր։

Այս թվերը վկայում են, որ իրականում, հարկումից հետո, միջին  աշխատավարձը Հայաստանում այնքան էլ բարձր չէ, որքան թվում է։ Իհարկե, կան մի խումբ աշխատողներ, որոնց աշխատավարձերը հասնում են միլիոնների։ Ու միջին աշխատավարձերի այն աճերը, որոնց մասին այդքան խոսում են, շատ հաճախ հենց այդ մարդկանց հաշվին է տեղի ունենում։ Բայց այդպիսիք կազմում են ընդհանուր աշխատողների ընդամենը 1-2 տոկոսը։ Երբ այս մարդկանց աշխատավարձերը բարձրանում են՝ միջին աշխատավարձի ցուցանիշներն աճում են՝ ստեղծելով տպավորություն, թե բոլորի աշխատավարձերն են բարձրացրել։ Այնինչ՝ բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնց աշխատավարձերը տարիների ընթացքում չեն աճում կամ շատ դանդաղ են աճում։

Այսպիսի անհամաչափության հետևանքով է, որ Հայաստանում սոցիալական իրավիճակը չի փոխվում, բևեռացումն էլ գնալով խորանում է։ Դրան մեծապես նպաստում է այն սոցիալական քաղաքականությունը, որը միտված է ոչ թե աղքատներին կամ ցածր եկամուտներ ստացողներին ու նրանց եկամուտների ավելացմանը, այլ սպասարկում է առաջին հերթին բարձր եկամուտներ ունեցողների շահերը։ Այդպես է, որովհետև երեկվա ծակ գրպաններով «հեղափոխականներն» այսօր դարձել են իշխանություն ու պետության հաշվին իրենց համար բարձր եկամուտներ են ապահովում՝ անտեսելով հասարակության այն խավերին, որոնց պայծառ ապագայի կեղծ խոստումներ շռայլելով՝ եկան իշխանության ու արագ մոռացան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս