Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն փակ ռեժիմով. Կրեմլ
Ռուսական կողմը շարունակում է ելնել նրանից, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները չպետք է հրապարակային լինեն, РБК-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
РБК-ն նախագահի մամուլի քարտուղարին խնդրել է մեկնաբանել Bloomberg-ի հաղորդագրությունը, որում նշվում էր, թե որ Մոսկվան պատրաստվում է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Ուկրաինայի մշակած 20 կետանոց խաղաղության ծրագրում։
«Ոչ, մեկնաբանություն չի լինի։ Մենք դեռևս կարծում ենք, որ ամեն ինչ պետք է անցկացվի փակ ռեժիմով»,- РБК-ին ասել է Պեսկովը։
Կրեմլն ավելի վաղ ընդգծել է, որ մտադիր չի «հեռախոսով» քննարկել Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը։ Մասնավորապես, Պեսկովն այսպես է բացատրել Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ դեկտեմբերի 2-ին Կրեմլի հանդիպման մանրամասները մեկնաբանելուց հրաժարվելը։
Ամերիկյան կողմը խաղաղության ծրագրի իր տարբերակը ներկայացրել է նոյեմբերի վերջին։ Հաջորդ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչները քննարկեցին դրա պայմանները: Վերջին շփումներից մի քանիսը տեղի ունեցան անցյալ շաբաթավերջին. ամերիկացի և ռուս ներկայացուցիչները հանդիպեցին դեկտեմբերի 20-21-ին, ուկրաինական պատվիրակությունը ծրագիրը քննարկեց ամերիկացի և եվրոպացի բանակցողների հետ դեկտեմբերի 19-21-ին։
Սկզբում ծրագիրը բաղկացած էր 28 կետից, սակայն հետագայում այն կրճատվեց: Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակավ թվարկեց խաղաղության ծրագրի բոլոր 20 կետերը: Նա ընդգծեց, որ չնայած դա դեռևս կողմերի կողմից համաձայնեցված փաստաթուղթ չէ, այն արդեն իսկ որոշակի տրամաբանություն է ուրվագծում, թե ինչպես է առաջարկվում ավարտել ռազմական հակամարտությունը։
Զելենսկու հայտարարած պայմանները վերաբերում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագրին, Ուկրաինայի ինքնիշխանության հաստատմանը և անվտանգության ամուր երաշխիքներին: Խոսքը նաև Ուկրաինայի զինված ուժերի խաղաղ ժամանակների թվաքանակը 800 հազար սահմանելու մասին է։
Դրանից հետո Bloomberg-ը հրապարակեց հոդված, որը հղում էր կատարում Կրեմլի աղբյուրին, որում նշվում էր, որ Ռուսաստանը 20 կետանոց խաղաղության ծրագիրը դիտարկում է որպես հետագա բանակցությունների «մեկնարկային կետ», սակայն ներկա տարբերակը շատ հարցեր անպատասխան է թողնում: Աղբյուրի խոսքով՝ Ռուսաստանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, և որ Ուկրաինան կպահպանի իր չեզոք կարգավիճակը, եթե միանա Եվրամիությանը: Մոսկվան նաև մտադիր է պարզաբանումներ ստանալ պատժամիջոցների վերացման և իր ակտիվների ապասառեցման վերաբերյալ:
