«Երբ Իրանն իրական վտանգ զգա, կանխարգելիչ քայլերի կդիմի. Իրանի ձեռքին լուրջ խաղաքարտեր կան». Հայկ Նահապետյան

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երեկ Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ «Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով»։

Ըստ Ասադովի, սկզբնական փուլում 15 միլիոն տոննա թողունակությամբ այս երկաթուղին կդառնա «Միջին միջանցքի» գլխավոր զարկերակը։

«Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին, որը «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրների»,- ասել է նա։

Ադրբեջանի վարչապետի այս հայտարարությանը նախորդել էր Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունը։ Նա ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «TRIPP»-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, որի անունն է պարզապես փոխվել, և Իրանը դեմ է դրան։ Այս մասին տեղեկանում ենք «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից:

Կարդացեք նաև

Օրերս ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փորձեց «փարատել» Իրանի մտահոգությունները՝ ասելով, որ ««միջանցքի» խնդիր չկա, Իրանի «կարմիր գծերը» նույնպես հաշվի առնված են»։

Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը խոսելով իրանական կողմի արտահայտած մտահոգությունների և դրա հետ կապված հնարավոր զարգացումների մասին, շեշտեց՝ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնապես հայտարարված մտահգություններն առերևույթ ուղղված են ՀՀ օրվա իշխանություններին, բայց  իրականում՝ նրանց «տերերին», այդ դեպքում՝ ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային։

«Իրանական կողմի այս նախազգուշացումը հետևյալի մասին է, որ եթե Միացյալ Նահանգները փորձի Իրանը Ռուսասստանին կապող «միջանցքը» խափանի, ապա հետևանքները շատ վատ կարող են լինել։

Ի սկզբանե այդ «Միջանցքը» բրիտանական նախագիծ էր, «Մեծ Թուրանի» աշխարհագրորեն ցամաքային ճանապարհն ամբողջովին միմյանց կապելու նպատակ էր հետապնդում։ Հիմա Միացյալ Նահանգներն է որոշակի առումով ներգրավված այս կոմունիկացիաներում և վերահսկողություն սահմանում։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի տեսակետն են իրականում ներկայացնում նրա աշխատակիցները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։

Նա վստահ է՝ այն պահին, երբ Իրանը զգա իրական վտանգ, այսինքն՝ սպառնալիք իր ազգային անվտանգության շահերին ուղղված, այդ պահին կդիմի կտրուկ ու կանխարգելիչ քայլերի։

«Ինքս ոչինչ չեմ բացառում, երբ Իրանն իրական վտանգ զգա, կանխարգելիչ քայլերի կդիմի։ Նաև պետք է հաշվի առնենք, որ Իրանի ու Իսրայելի միջև 12-օրյա բախումը, որն իրականում իշխանափոխություն իրականացնելու փորձ էր Իրանում, որին ներգրավել էին նաև ԱՄՆ-ին, Իրանը հաղթեց, և այդ հաղթանակն Իրանի ղեկավարությանը նոր լիցք է տվել՝ վտանգի պարագայում երբեք չի սեթևեթելու՝ իր երկրի սահմաններն ուղղակի պաշտպանելու է։

Իրանի ձեռքին բավականին լուրջ խաղաքարտեր կան, և իր ազգային շահերը հաշվի առնելով, վարում է ինքնիշխան ու ինքնուրույն քաղաքականություն, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք ամբողջովին արտաքին կառավարման ներքո են»,-հավելեց Հայկ Նահապետյանը։

Անվտանգային և ռազմական փորձագետի խոսքով՝ եթե Իրանը վտանգի դեպքում հարված հասցնի, ապա այս հարվածը հասցվելու է Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային։

«Իրանական ճանապարհը Հայաստանի համար «կյանքի ճանապարհ է», այն որևէ կերպ չպետք է վտանգվի»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս