«Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ո՛չ ԱԱԾ ղեկավար, ո՛չ նախագահ եղած ժամանակ». Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից հետո, դատարանի բակում պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք այս պահին հանրային ու քաղաքական շրջանակները պատրաստ են եկեղեցու դեմ հարվածն իրենց վրա վերցնելու, որպեսզի Մայր Աթոռն անսասան մնա, ասաց.

«Ես չեմ կարծում, որ հարվածը վերցնելու կամ չվերցնելու խնդիր կա, ես վստահ եմ՝ այո՛, հանրությունն ի վիճակի է պաշտպանելու իր եկեղեցին։

Անկախ որևէ հանգամանքից, հիմա ի՞նչ պետք է անենք, այսօրվա կառավարիչներին առաջարկենք, որ այդ քարոզչությունը չանե՞ն, եթե այդպես իրենց ձեռնտու է, իրենք իրենց գործը թող անեն, հանրությունն էլ իր գործը կանի»։

Երրորդ նախագահը խոսեց նաև իշխանությունների կողմից տարածվող լուրին, որ Ադրբեջանից Հայաստան դիզվառելիք է բերվում՝ շեշտելով, որ մի քանի անգամ խորհուրդ է տվել, հիմա էլ է նույնն անում՝ առանձնապես լուրջ չվերաբերվել իշխանությունների, կառավարիչների կողմից արվող հայտարություններին։

Կարդացեք նաև

«Հիշո՞ւմ եք 10 մլն ծառի պատմությունը, «Հաղթելու ենք»-ը, և այդպիսի տասնյակ օրինակներ կարող եմ բերել։ Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն է, թող փորձեն»,- հիշեցրեց նախագահը։

Ճշտող հարցին՝ սա դիվերսիֆիկացիա՞ է, թե՞ ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն է։

«Թող փորձեն՝ կտեսնենք, հետո կերևա»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Լրագրողները նաև Երրորդ նախագահից  հետաքրքրվեցին, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոչի վերաբերյալ, որով նա ընդդիմադիր դաշտին համախմբման կոչ է արել՝ Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու համար։

«Ես անկեղծ տեղյակ չեմ այդ հայտարարությանը, ես տեղյակ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, այսինքն՝ Իշխան Սաղաթելյանը եկել է, և մենք հանդիպել ենք, և բոլոր այդ դրույթներին, որոնք Իշխան Սաղաթելյանը նաև շարադրել է գրավոր, վաղուց ծանոթ եմ, դրա մասին վաղուց խոսում ենք։ Այստեղ կարևորը հայտարարություն անելը չէ, կարևորն այն է, որ բոլորը գիտակցեն և տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես Հանրապետականին։ Թե չէ, եթե առավոտից երեկո պետք է մեզ քննադատեն, մենք գնանք այս մարդկանց հետ ի՞նչ անենք»,- հավելեց Սերժ Սարգսյանը։

Խոսելով իշխանական լրատվամիջոցի կողմից այսօրվա հրապարակման մասին, որ «Վեհափառ Հայրապետի եղբայրը՝ Եզրաս սրբազանը 1986-1988 թվականներին եղել է գործակալ», և պատասխանելով հարցին, թե եղել է ՀՀ նախագահ, ԱԱԾ ղեկավար, նման տվյալներ ունեցե՞լ է, Սերժ Սարգսյանն ասաց.

«Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ո՛չ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ո՛չ նախագահ եղած ժամանակ։ Առհասարակ իմ նախկին ծառայակիցները կարող են փաստել, որ ես երբեք նման հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ, առավել ևս՝ ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ կամ այլ հատուկ ծառայությունների հետ։ Ես դրա իմաստը չեմ տեսնում, լավ, ենթադրենք, որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել։

Իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը տվյալ երկրին օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս է բերել։ Կարծում եմ՝ նման տեղեկատվություն հրապարակելուց առաջ հասարակությանը պետք է ծանոթացնեն դրա շատ նրբերանգների, եթե դա չի լինում, ուրեմն այլ՝ ոչ այդքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»։

Հարցին՝ այդ նպատակը Վեհափառ հայրապետի նկատմամբ ճնշում գործադրե՞լն է, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ խոսքը վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբորը։

«Այսինքն՝ հիմա ի՞նչ է, եղբայրը եղբոր համա՞ր է պատասխանատու, հա՞, ախր դեպի ուր ենք մենք գլորվում, մենք չենք հասկանում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցներից մեկը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ-ին, որտեղից էլ տրամադրել էին Եզրաս սրբազանի վերաբերյալ ենթադրյալ թուղթը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս