«Մենք սպասում ենք Եկեղեցու հորդորին. ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ եկեղեցու դեմ իշխանությունների մղած պայքարին: Պատասխանելով հարցին՝ արդյոք քաղաքական ուժերը չպե՞տք է այս հակապետական պայքարի դեմն առնեն, թե՞ զուտ պետք է հետևեն, Սերժ Սարգսյանն ասաց.
«Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը հետևում կամ դրանից հաճույք են ստանում։ Այո, միասնական պայքար մղելու խնդիրը կա, բայց, ցավոք, դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզում եք, որ ես ուրիշների նման ընդդիմադիրների՞ն քննադատեմ։
Հենց այստեղ ես հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողությունների։ Սպասում ենք հորդորի, ինքնագլուխ եկեղեցու հետ կապված որևէ գործողություն չենք անելու։
Իսկ երեկ, երեկ չէ առաջին օրը, դրանից 4 օր առաջ չե՞ք նկատել մեր երիտասարդական կառույցի գործողությունները, ցավոք, երևի մենք ենք մեղավոր, որ չենք գովազդում մեր գործողությունները»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը և հարցին, որ Ադրբեջանը հայտարարում է, թե «Հայաստան-ԵՄ փաստաթուղթն է խանգարում խաղաղության գործընթացին», հետո ի՞նչ գործընթաց կխանագրի, Սերժ Սարգսյանը դժվարացավ պատասխանել։
«Մի բան կհնարեն՝ կխանգարի։ Այսինքն՝ հիմա, ձեր կարծիքով՝ խաղաղությո՞ւն են հաստատում և կողմերը գնում են այդ ուղղությա՞մբ, դե, ասում են՝ ասում են, էլի, ինչ ասես՝ ասում էին։ 44 օր չէի՞ն ասում, թե՝ «հաղթում ենք»։ Չեմ կարծում, թե իրենց ասելն այդքան մեծ նշանակություն պետք է ունենա։ Ես չեմ ասում, որ իրենց ասածին չպետք է հակադարձել, բայց բոլոր դեպքերում, բոլոր ասածներին չէ, որ պետք է հավատալ»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։
Խոսելով իշխանությունների հայտարարությունների մասին, թե՝ «եթե նախկին իշխանություններն Արցախի հարցը լուծող էին, թող մինչև 2018 թվականը լուծեին», ՀՀ երրորդ նախագահը նկատեց.
«Դա նույնն է… ես ընդհանրապես նման բաներ չեմ սիրում, բայց համեմատություն պետք է անեն, էլի, երբ կանանցից պահանջեն, թե ինչո՞ւ 5 ամսում երեխա չեն ունենում։ Սա մոտավորապես նույնն է: Ո՞վ է ժամկետ դրել, որ այդ ժամկետում պետք է լուծվի, մենք ամեն ինչ արել ենք, որ լուծվի դրականորեն։ Իսկ այ, ինքը մալադեց՝ կարճ ժամանակում ամեն ինչ հանձնեց ու լուծեց»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
