«Նման առաջարկ անողն առնվազն անգրագետ պետք է լինի. Փաշինյանի հայտարարությունները պարարտ հող են պատրաստում Ադրբեջանի համար». Ավանեսով
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի փաստաթղթի վերաբերյալ, որում Բաքուն դժգոհություն էր արտահայտել այն առնչությամբ, որ այդ փաստաթղթում կիրառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը, ասել է, որ Ադրբեջանին առաջարկում է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ինքն արդեն ասել է, որ Ղարաբաղ հայերի վերադարձի թեման վտանգավոր է։
«Եվ ես ուզում եմ հիմա բաց և հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, այնքան էլ մենք խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը»,- ասել է նա։
Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ, պատմաբան Հովիկ Ավանեսովը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որակում է անտրամաբանական, իրականությունից կտրված, քանի որ արցախահայերը բռնի տեղահանվել են իրենց բնօրրանից, իսկ ադրբեջանցիները եկվոր են, որոնք Խորհրդային Միության տարիներին եկել ու Հայաստանում ապրել են, ինչպես և հայերն են գնացել ու ապրել Ադրբեջանում։
«ՀՀ ղեկավարի նման հայտարարությունները պարարտ հող են նախապատրաստում Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի համար՝ ավելի ագրեսիվ դրսևորումներ ցուցաբերելու համար։
Բացատրեմ հատուկ չիմացողների համար՝ արցախահայերը բռնի տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից, հազարամյակներ շարունակ նրանք հարուստ ժառանգություն են ստեղծել Արցախում, ապրել են այնտեղ։ Համեմատել արցախահայությանը և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» այս գաղափարի և իբր «արևմտյան ադրբեջանցիներ» կոչեցյալներին՝ բարոյական, իրավական ու պատմական առումով ոչ մի դիտանկյունի մեջ չի տեղավորվում։ Առհասարակ գոյություն չունի «Արևմտյան Ադրբեջան» հասակցությունը, դա ադրբեջանական կողմից առաջ քաշվող թեզ է՝ ՀՀ տարածքները բռնազավթելուն ուղղված։
Եթե դիտարկենք մինչև 1918 թվականը, ապա Ադրբեջան պետություն աշխարհագրական առումով գոյություն չի ունեցել։ Պատմական առումով միակ իրական, այսպես կոչված՝ Ադրբեջանը գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, և դա Ատրպատական նահանգն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։
Պատմաբանի խոսքով՝ ադրբեջանցիներին համեմատել հազարամյակներ շարունակ տեղաբնիկ հանդիսացող արցախահայության հետ, ոչ միայն դիվանագիտական անգրագիտություն է, այլև անբարոյական մոտեցում է արցախահայերի նկատմամբ։
«Արցախը պատմականորեն եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը, մշտապես եղել է հայկական բոլոր թագավորությունների կազմում, մշտապես գոյություն է ունեցել որպես պետական միավոր՝ տարբեր ձևաչափերով։ Նման ձևով փաստերը կեղծել, անտեսել և որակել փոխշահավետ առաջարկ՝ առնվազն անմտություն է, այստեղ որևէ փոխշահավետ առաջարկ չկա։ Ավելին՝ նման առաջարկ անողն առնվազն պատմական գիտելիքների առումով անգրագետ պետք է լինի։ Նույնիսկ ադրբեջանցի ազգ գոյություն չունի, ուր մնաց՝ «Արևմտյան Ադրբեջան» լինի»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։
Մեր զրուցակիցը ցավով ասաց՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարաություններն, անշուշտ, խանգարում են արցախահայերի պայքարին՝ Արցախ վերադառնալու համար, բայց անկախ դրանից՝ արցախահայերը չեն դադարեցնելու իրենց պայքարը։
«Արցախահայերը մշտապես պայքարելու են և բարձրաձայնեն Արցախ անվտանգ վերադառնալու հարցը։ Այս օրակարգից մենք երբեք դուրս չենք գալու, Արցախի հարցը չի փակվել, ոչ էլ Արցախի պետականությունն է լուծարված՝ մի շատ պարզ հանգամանքով։
Որևէ մեկը՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, որևէ լիազորություն չունի պետություն լուծարելու, պետությունը չի ձևավորել, որ մեկ անձն էլ որոշի պետության ճակատագիրը։ Կրկնում եմ՝ նման հայտարարություն անողն առնվազն պետք է անգրագետ լինի։ Արցախահայերը բռնի կերպով են տեղահանվել իրենց բնօրրանից՝ ցեղասպանության վտանգի ներքո. այս ամենը պետք է գոնե հաշվի առնեն»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։
