Իրանի գլխավոր մտահոգությունն այն է, որ Հարավային Կովկասում չձևավորվի միակողմանի ուժային ճարտարապետություն. վերլուծաբան
Իրանն ու Ադրբեջանը բարձրացնում են ռեգիոնալ 3+3 խորհրդատվական հարթակն ակտիվացնելու հարցը: Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, թե ուրախ են, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները լավ ընթացք ունեն, և ողջունել, աջակցել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին:
«Աջակցում ենք 3+3-ի հաջորդ հանդիպումը՝ Բաքվում, իսկ այնուհետև՝ Երևանում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին: Սա լավ նախաձեռնություն է, որը կարող է 3+3 մեխանիզմն ավելի ազդեցիկ և ուժեղ դարձնել: Այս մեխանիզմը կարող է նպաստել տարածաշրջանում ավելի մեծ խաղաղության և կայունության հաստատմանը: Մենք երկուսս էլ մեծ կարևորություն ենք տալիս այդ ձևաչափին։ Համաձայնեցինք, որ երկկողմ հանդիպումներից բացի, ունենանք նաև եռակողմ հանդիպումներ տարածաշրջանի երկրների հետ։ Կարևորն այն է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները, իսկ արտաքին ցանկացած միջամտություն կքանդի այդ անվտանգությունը: Սա մի կետ է, որի շուրջ մենք ունենք համաձայնություն, և որի հիման վրա էլ շարունակում ենք համագործակցությունը»,- ասել է Արաղչին։
Բայրամովն էլ իր հերթին՝ ասել է, որ Ադրբեջանն առաջարկել է հաջորդ «3+3» հանդիպումն անցկացնել Բաքվում, իսկ մյուսը՝ Երևանում։ «Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը չի տեսնում որևէ պատճառ, որ Հայաստանը մերժի առաջարկը»,- հայտարարել է Բայրամովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում հաջորդ հանդիպումը կազմակերպելու գաղափարը հնչել է դեռևս հոկտեմբերին՝ Ստամբուլում այս ձևաչափով բանակցությունների ժամանակ, սակայն Երևանը չի համաձայնել:
Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է տվյալ հարցը՝ ասելով, թե «3+3»-ի ձևաչափով նախարարական հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն:
«Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ընդհանուր ընկալմամբ՝ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք»,- նշել է Անի Բադալյանը:
Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում, իսկ վերջինը՝ 2024 թվականին Թուրքիայում, որից հետո հաջորդ հանդիպման հստակեցման հարցը մտել է փակուղի:
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանն այս ձևաչափով իր հետաքրքրվածությամբ ձգտում է տարածաշրջանային հավասարակշռության պահպանման:
Նրա փոխանցմամբ՝ Իրանի գլխավոր մտահոգությունն այն է, որ Հարավային Կովկասում չձևավորվի միակողմանի ուժային ճարտարապետություն, որը կարող է կտրուկ նպաստել միայն մեկ տանդեմի կամ արևմտյան դերակատարության հաստատմանը։
«3+3-ը Թեհրանին հնարավորություն է տալիս մշտապես նստել ռեգիոնալ բանակցությունների սեղանին և կանխել այնպիսի զարգացումներ, որոնք կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը: Ակնհայտորեն սրան է ձգտում նաև Ռուսաստանը:
Թեհրանի առաջնային շահերից է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային որևէ նոր կարգավորում կամ ճանապարհի նախագիծ չվնասի իր ռազմավարական դիրքին։ Իրանը դեմ է տրանսպորտային ձևաչափերին, որոնք կարող են իրեն դուրս մղել տարածաշրջանային հաղորդակցություններից, վնասելով իր կարմիր գծերը։ «3+3»-ն Իրանի համար հարթակ է նման հարցերի քննարկմանը մասնակցելուց:
«3+3»-ը նաև Մոսկվայի համար է գործիք՝ վերադառնալու տարածաշրջանային խաղացողի կարգավիճակի՝ առանց արևմտյան դերակատարների մուտքի։
Կարծում եմ՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում ձևավորվող նոր հաղորդակցային ուղիները չշրջանցեն իրեն և չձևավորեն արևմտյան կամ թուրք-ադրբեջանական վերահսկողության ենթակա համակարգեր։ Ֆորմատը նրան հնարավորություն է տալիս մասնակցել որոշումների ընդունմանը և պահել որոշակի վերահսկողություն նոր նախագծերի նկատմամբ»,- նշեց Կայհան Բարզեգարը:
Նրա կարծիքով, չնայած Մոսկվան, Անկարան, Թեհրանը համագործակցում են տարբեր ուղղություններով, փորձում խորացնել համագործակցությունը, սակայն նրանցից ոչ մի կողմ նաև չի ցանկանում, որ որևէ մեկը գերիշխող դիրքեր ունենա Հարավային Կովկասում։ Ուստի, ըստ Կայհան Բարզեգարի, «3+3»-ն այս ուժերին տալիս է հարթակ, որտեղ նրանք կարող են խաղալ միջնորդի կամ հակակշռող ուժի դեր՝ հավասարակշռելով ռեգիոնում ամրապնդվող ուժերի ազդեցությունները:
«Թեև Թեհրանն ու Մոսկվան ունեն ընդհանուր նպատակ՝ Արևմուտքի սահմանափակումը և տարածաշրջանային գործընթացների հավասարակշռումը, նրանք ունեն նաև հակասություններ: Այս ամենի հետ մեկտեղ՝ տեսնում ենք Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ազդեցություն, աշխատանք Հարավային Կովկասում Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ:
Ավելին, ԱՄՆ-ը, ԵՄ-ն համագործակցության ձևաչափերը փորձում են ընդլայնել Հարավային Կովկասի երկրների հետ, ինչը հակասության մեջ է մտնում 3+3 ձևաչափի հետ: Այսինքն՝ այս ռեգիոնալ հարթության դեմ կան արդեն արևմտյան հարթակները, որոնք արդեն գործընթացներ են գեներացնում, ուստի 3+3-ի կայացման գործընթացը բարդացել է»,- ասաց նա:
Կայհան Բարզեգարի խոսքով, այս ամենը կարող է Երևանի համար ևս լինել գործոն, որը սահմանափակում է Երևանի շահագրգռվածությունն այս ուղղությամբ:
«Սակայն, ըստ իս, աշխատանքները կշարունակվեն, ինչպես բոլոր կենտրոններն են շարունակում: Ինչպես բոլոր ուղղություններում այսօր, շատ բան շարունակում է կախված մնալ Ռուսաստանի շուրջ իրավիճակից, ՌԴ-ԱՄՆ բանակցություններից և հետագա զարգացումներից»,- ասաց Կայհան Բարզեգարը:
