«Երկիրը վերածել են կանխիկ դրամի. Ո՛չ ինքը մի կարգին կրթություն ունի, ո՛չ կինը». Կարո Վարդանյան
Արցախը հանձնած և Հայաստանը պատերազմի շեմին հասցրած Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի սկսած արշավը՝ «պայքար տգիտության դեմ», որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը` ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանը և իր կինն ամեն անգամ մի հիմարություն են անում՝ իրենց նախորդ հիմարությունները մոռացության տալու համար, որովհետև դրանցով այլևս հասարակությանը չեն կարողանում զբաղեցնել։
«Ամենաերկար հիմարությունը Փաշինյանի կողմից իր թիմակիցներին հեռացնելու՝ «խնդրել» «հորդորելն» էր, այս «թամաշան» հասարակությանը մեկ շաբաթ հետաքրքրեց։ Հիմա ի՞նչ քննարկենք այս երկու անձանց արարքները, ո՛չ ինքը մի կարգին կրթություն ունի, ո՛չ կինը։ Կրթությունը մի կողմ, էլ չեմ խոսում կուլտուրայի մասին՝ իրենց շարժուձևը, մարդամեջ դուրս գալը՝ սկսած գիշերազգեստով կաթողիկոսին այցելելը։ Կոպիտ է հնչում, բայց ինչպե՞ս կարող է ոտքից գլուխ տգետը կոչ անել պայքարել տգիտության դեմ»,- շեշտեց Կարո Վարդանյանը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ու իր կնոջ քայլերը տեղավորվում են միայն մեկ տրամաբանության մեջ՝ հրեշավոր՝ երկրի, ազգի կործանման ծրագրում։
«Չգիտես՝ ինչու, 6,5 տարի է, բոլորս նրանց ներդրած դետալների մեջ ենք տրամաբանություն որոնում, հեծանիվ է քշում՝ սկսում ենք տրամաբանություն որոնել, ենթադրենք՝ սգո օրեր են, տիկինը մի ցինիկ տեսանյութ, լուսանկար է հրապարակում՝ նորից տրամաբանություն ենք փնտրում։ Առանձին դրվագներում չկա տրամաբանություն այս անձանց քայլերի մեջ, տրամաբանությունն ամբողջության մեջ է. սրանց դիվային ծրագիրը մեր երկրի կործանումն է»,- հավելեց նա։
Նա ցավալիորեն նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի համեմատությունը՝ պատմական Հայաստանի ու «Արևմտյան Ադրբեջանի» միջև, պատշաճ հակադարձում չստացավ, արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն աստիճանաբար նախապատրաստում է իր դիվային ծրագրի իրականացման կուլմինացիային։
«Ինչպես Արցախի պարագայում էր ասում, որ մի քիչ պետք է իջեցնել կարգավիճակը, հիմա էլ ասելու է՝ «եկեք այս ամբողջ գլխացավանքը չունենալու համար Հայաստանը կոչենք «Արևմտյան Ադրբեջան», միևնույն է՝ մենք ենք այստեղ ապրում»։ Ինքս սա մոտավորապես եմ ասում, բայց այս ամենը տանում է դրան։ Սա երկիրը տվեց ու վերածեց կանխիկ դրամի, զոհեր տվեց ու դեռ այսօր ասում է՝ մենք վտանգի տակ ենք։ Համառորեն մեր հանրությունը չի ուզում գիտակցել, որ Արցախը միայն սրա ծրագրի մի մասն է, որի դեմ մենք չառանք, չկանխեցինք։ Արցախը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն էր, հիմա մնացածը տալու համար Փաշինյանը հասարակությանը հոգեբանորեն պետք է պատրաստի, ինչ և հիմա անում է։ Սա է իրականությունը»,- եզրափակեց Կարո Վարդանյանը։